AM
19 Սեպտեմբեր 2006 - 08:54 AMT

Բաքվում Ղարաբաղի հարցով բանակցությունները անհեթեթություն են անվանում

«Իրականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններ չկան եւ դրանք ցուցադրական են»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: «Կողմերից ոչ մեկը չի ցանկանում արմատապես փոխել իր դիրքորոշումը: Փոխզիջումների համար իրական հիմքեր չկան: Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա անկախ պետություն եւ միանա Հայաստանի Հանրապետությանը, Ադրբեջանը, իր հերթին, հայտարարում է, որ չի տա Հայաստանին իր հողերի նույնիսկ փոքրիկ հատված: Արտասահմանում տեղի ունեցող բանակցություններում այս սկզբունքների հարցով փոխզիջումներ չեն փնտրում եւ չեն դիմում հասարակությանը եւ միջազգային օրենքներին: Եւ կողմերը, եւ համանախագահները, քաղաքական շահերից ելնելով մակերեսայնորեն ելույթ ունենալով, փորձում են որոշման տարբերակ գտնել, որոնցում կողմերի շահերը կմերձենան: Իսկ շահերը չեն էլ մոտենում:

Կողմերը հայտարարում են հանրությանը, որ չեն դիմի փոխզիջումների: Եւ այդ մասին հայտարարել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա հայտարարել է, որ կողմերը չեմ ցանկանում ետ կանգնել իրենց հիմնարար սկզբունքներից: Հարցի կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերից մեկը ետ կանգնի իր սկզբունքներից»:

Զ. Ալիզադեն գտնում է, որ «մյուս կողմից, կան շատ կարող ուժեր, որոնք ձգտում են սառեցնել եւ երկարաձգել հակամարտությունը»: Քաղաքագետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում պատային իրավիճակ է առաջացել եւ բանակցությունները խաբուսիկ են: Իսկ քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը անհեթեթություն է անվանել, հայտնում է ԱՊԱ-ն: