Հայաստանի անկախության 15 տարիները եղել են իրական անկախության համար մղվող պայքարի տարիներ, եւ ցավոք, ցանկացած պայքարում լինում են նաեւ կորուստներ: Այդ մասին լրագրողներին է հայտարարել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, անցած 15 տարիները լի են եղել ոչ միայն ուրախությամբ եւ հաջողություններով, այլ նաեւ սխալների դառնությամբ: «Եռաբլուրում» հանգչող տղաներն ընտրեցին իրենց ուղին` զոհաբերել կյանքը հայրենիքի անկախության համար: Մեզնից յուրաքանչյուրի պարտքն է մշտապես հիշել նրանց, քանի որ նրանց շնորհիվ է, որ մենք կարող ենք այսօր տոնական միջոցառումներ անցկացնել»,-նշել է Ս.Սարգսյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ 15 տարիները սովորեցրեցին մեզ կայացնել որոշումներ մասնակիցների լայն շրջանակի հետ մանրակրկիտ քննարկումներից հետո, որպեսզի դրանք առավել համահունչ լինեն մեր ժողովրդի եւ երկրի շահերին: «Սակայն, այստեղ եւս, ցավոք, հնարավոր չէր խուսափել սխալներից, քանի որ ամեն մի ժողովուրդ ինքնուրույն է անցնում այդ ճանապարհը: Անկախության տարիներին անցած ճանապարհը օրինաչափ էր, քանի որ այսօրվա խնդրիների դժվարությունների ֆոնի վրա կան նաեւ իրական հաջողություններ»,-ասել է Ս.Սարգսյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





