AM
4 Հունիս 2015 - 09:44 AMT

Նաիրիտիցները փակել էին Տիգրան Մեծը. Մինչև հունիսի 9-ը խնդիրը լուծելու ժամանակ տվեցին

Ինչպես գործադիրի գրեթե բոլոր նիստերի օրերին, հունիսի 4-ին էլ Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները՝ պահանջելու իրենց մոտ երկու տարվա աշխատավարձերի վճարում:

Առավոտից կառավարության դիմաց նստացույց անող նաիրիտցիները մի քանի րոպեով փակել են դեպի Հանրապետության հրապարակ տանող Տիգրան Մեծ փողոցը: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կամ դրական պատասխան աշխատավարձերի մարման մասով, գրում է «Սիվիլնեթ»-ը: Նաիրիտցիները պնդում են, որ եթե մինչև հունիսի 9-ը Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումը չկայանա, կամ դրական պատասխան չստանան, անժամկետ նստացույց կսկսեն:

Փողոցը բացելուց հետո նաիրիտցիները կրկին վերադարձել են գործադիրի շենքի դիմաց՝ նշելով, որ դա նախազգուշական ակցիա էր:

Մայիսի 20-ին ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ գործադիրն ամեն ինչ կանի, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը մարի մինչև տարեվերջ:

Նա ասել էր, որ բազմիցս հանդիպել են գործարանի աշխատակիցներին, տարիների ընթացքում կուտակված խնդիրը շատ խորն է ու բազմաբնույթ: «Հիմա փորձում ենք դրան լուծում տալ, կա ՀՀ նախագահի և վարչապետի հանձնարարականը։ Մայիսի վերջին և հունիսի սկզբին կոնկրետ առաջարկներ կունենանք այս ուղղությամբ»,- ասել էր կառավարության ղեկավարը:

Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 18 ամսվա է: 2015-ի փետրվարի 6-ին 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել էին մեկ ամսվա աշխատավարձը: