Սեպտեմբերի 25-28 Երեւանում տեղի ունեցավ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի գծով հայ-ռուսական միջգերատեսչական հանձնաժողովի վեցերորդ նիստը: Նիստի ավարտին ստորագրվեց 102-րդ ռազմակայանին հողատարածքներ փոխանցելու եւ օգտագործելու մասին արձանագրությունը: Մասնավորապես, ստորագրվել է թիվ 5 արձանագրությունը` 1995 թ. մարտի 16-ի ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Նոր լրացման մեջ նախատեսվում է հողահատկացում անել Հայաստանում տեղակայված ռուս զինծառայողների ընտանիքների համար մանկապարտեզ կառուցելու եւ նրանց բնակմակերեսով ապահովելու համար: Ըստ արձանագրության, Հայաստանի ռուսական ռազմակայանին կփոխանցվի «Էրեբունի» ռազմական օդակայանը, որտեղ կտեղակայվեն ռուսական կործանիչները:
Ինչպես Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, հայ-ռուսական ռազմական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է: «Մենք մտադիր ենք, վերը նշվածից բացի, նոր դպրոց բացել զինծառայողների երեխաների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դասագրքերը դպրոցի համար կտպագրվեն Հայաստանում»,-ասել է նա:





