AM
25 Հունիս 2015 - 09:15 AMT

Նաիրա Զոհրաբյան. ԶԼՄ-ների ֆինանսավորումը բացառում է ազատ, պրոֆեսիոնալ մամուլը

Լրատվամիջոցները պրոֆեսիոնալ առումով դառնում են խիստ խոցելի՝ կախված լինելով իրենց ֆինանսավորողներից: Այս մասին հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)՝ «Մամուլի պատասխանատվության և էթիկայի խնդիրները» զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ քննարկվող խնդիրը խիստ արդիական է։

«Այո, սրընթաց փոփոխվող մեդիա դաշտում լրատվամիջոցները, ունենալով ֆինանսական լրջագույն խնդիրներ, պրոֆեսիոնալ առումով դառնում են խիստ խոցելի՝ կախված լինելով իրենց ֆինանսավորողներից։ Իսկ ֆինանսական դոպինգի արդյունքը մեկն է՝ ոչ օբյեկտիվ լրատվություն և ֆինանսավորողի քաղաքական կամ տնտեսական շահերի սպասարկում։ Վճարողը ձևակերպում է իր քաղաքական պատվերն ու նման դեպքում բացարձակ անիմաստ է դառնում խոսել ազատ մամուլի և խոսքի ազատության մասին։ Արտաքին ֆինանսավորումից կախված լրատվամիջոցը այլևս դադարում է իրականացնել իր մասնագիտական առաքելությունը՝ վերածվելով ֆինանսավորողի անձնական գործիքի», – ասել է Զոհրաբյանը:

Այս համատեքստում ԲՀԿ պատգամավորը նշել է, որ ողջունելի են թե՜ Լրագրողների միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված՝ Լրագրողների վարքագծի սկզբունքների հռչակագիրը, թե՜ ԵԽ անդամ գրեթե բոլոր պետություններում լրագրողների ու լրատվամիջոցների կողմից ներպետական մակարդակով ընդունված վարքագծի կանոնները:

«Հայաստանում դեռ 2007-ին է ստեղծվել լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմին, որը մշակել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը։ Դիտորդ մարմինը գործում է մինչ օրս, այդ կառույցում պարկեշտ և պրոֆեսիոնալ մարդիկ են, նշյալ էթիկայի կանոնագրի տակ ստորագրել են Հայաստանի բազմաթիվ լրատվամիջոցներ։ Սակայն, նշյալ լրատվամիջոցներից որոշները հենց իրենք են էթիկայի նորմերի առաջին խախտողները։ Ուստի, իմ մոտեցումը հարցին քիչ այլ է. քանի դեռ լրատվամիջոցները չունեն ֆինանսական անկախություն և գտնվում են տարբեր քաղաքական-տնտեսական կենտրոնների ֆինանսական ազդեցության տակ, մենք պարբերաբար բախվելու ենք նույն խնդրին՝ լրատվամիջոցի էթիկայի ու պատասխանատվության խնդրին», – ասել է Զոհրաբյանը:

Նրա կարծիքով՝ որտեղ կա էթիկայի խախտում՝ չի կարող լինել պրոֆեսիոնալիզմ։

«Սա աքսիոմ է։ Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա իմ վստահ համոզմամբ՝ դա քաղաքացու սահմանադրական իրավունքն է՝ ստանալ հավաստի տեղեկատվություն», – ասել է Զոհրաբյանը:

ԲՀԿ պատգամավորը նաև անդրադարձել է վերջին օրերին Երևանում ընթացող ցույցերի ժամանակ կիրառված բռնությանը իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների հանդեպ՝ ասելով, որ դա անընդունելի և խստորեն դատապարտելի է։

Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Գործողության ընթացքում, բացի ցուցարարներից, ծեծվեցին ու բերման ենթարկվեցին ցույցը լուսաբանող մի շարք լրագրողներ ու օպերատորներ: Ոստիկանները թիրախավորված կոտրեցին կամ առգրավեցին մի քանի տեսա- և ֆոտոխցիկներ կամ դրանց կրիչ սարքեր: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում: Ծեծի ենթարկվեց PAN Photo-ի ֆոտոլրագրող Կարո Սահակյանը, նրա տեսախցիկը ձեռքից առան, նրան էլ բերման ենթարկեցին ոստիկանական բաժանմունք, այնուհետև մի քանի ժամ անց ազատ արձակեցին։ Ավելի ուշ տեսախցիկն անվնաս վերադարձվել է տիրոջը: Ծեծի է ենթարկվել նաև PanARMENIAN.Net ի լրագրող Նիկոլայ Թորոսյանը:

ԵԽԽՎ-ն ընդունել է Թուրքիայի պատվիրակության անդամ Գյուլսուն Բիլհեղենի «Լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկատվության թափանցիկության բարձրացում» զեկույցը և բանաձևը: Փաստաթղթով պահանջվում է անդամ երկրներին վերանայել իրենց երկրներում գործող օրենսդրությունը, որպեսզի ապահովվի ԶԼՄ-ների սեփականատիրոջ, ֆինանսական աղբյուրների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունը: Փաստաթղթում ամրագրված է, որ հանրությունը պետք է բավարար տեղեկություն ունենա տվյալ ԶԼՄ-ի սեփականատիրոջ, խմբագրական կազմի, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրի վերաբերյալ: