Հուլիսի 18-ին Երևանում պաշտոնապես բացվել է համաշխարհային Hilton Worldwide ցանցի մաս կազմող DoubleTree by Hilton հյուրանոցը:
Այն կառուցել է Renco ընկերությունը՝ պետական-մասնավոր գործակցության պայմանագրի շրջանակում՝ նախկին հեծանվահրապարակի տարածքում: 16 ամիս տևած շինարարության ընթացքում ընկերությունը ներգրավել է ավելի քան 500 աշխատակից։Հյուրանոցի շինարարության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $35 մլն:
Հյուրանոցն առաջին և եզակի Hilton-ն է Հայաստանում (միջազգային դասակարգմամբ՝ 4S): համաշխարհային ցանցը գործում է 94 երկրում:
Բացման արարողությանը մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, որը շրջել է միջազգային հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

DoubleTree by Hilton Հայաստանի հյուրանոցն ընդգրկում է 176 հյուրասենյակ, 2 բար, 1 ռեստորան, հանդիպումների 8 սենյակ: Պատասխանատուների ներկայացմամբ, հյուրանոցի անձնակազմը բաղկացած կլինի մոտ 200 աշխատակցից։
Երևանի նախկին հեծանվահրապարակի տարածքի զարգացման նախագծի համաձայն՝ Renco ընկերությունը նախատեսում է նաև իրականացնել բնապահպանական նախագիծ՝ նախկին հեծանվահրապարակի տարածքի մնացած հատվածի համար՝ ստեղծելով կանաչ տարածքներ և շատրվաններ: Ընկերությունը նախագծի շինարարական աշխատանքները նախատեսում է իրականացնել 5 տարվա ընթացքում՝ կատարելով € 130-150 մլն ներդրում։
Հանրահայտ Hilton հյուրանոցային ցանցը հիմնադրել է 1919-ին Կոնրադ Հիլթոնը: 1954-ին Հիլթոնը իրականացրել է ԱՄՆ պատմութան խոշորագույն գործարքը՝ $111 մլն-ով գնել է Statler Hotels ընկերությունը՝ Hilton-ի ամենախոշոր մրցակցին: Նա առաջինն է մտցրել աստղերով գնահատելու համակարգը հյուրանոցային ոլորտում: Բացի այդ, Քոնրադը համատեղել է հյուրանոցները ռեստորանների և խաղատների հետ:

Հենց Hilton հյուրանոցների սրահներում են առաջին անգամ հայտնվել կրպակները, համարներում տեղադրվել օդորակիչներ, մուտքի դռները դարձել ավտոմատ կառավարմամբ:
Hilton ցանցն այժմ ավելի քան 540 հյուրանոց ունի:





