Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ ՀՀ բնակչության ընթացիկ հաշվառմամբ, 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3.5.500 մարդ, այդ թվում քաղաքայինը` 1.910.600 և գյուղականը` 1.094.900 մարդ:
2014-ի համեմատ մշտական բնակչությունը պակասել է 4300 մարդով, որից 1300-ը քաղաքային բնակչությունից, իսկ 3000-ը՝ գյուղական, գրում է Tert.am-ը:
2015-ի հունվարի 1-ի համեմատ մշտական բնակչության թվաքանակը պակասել է 5100-ով, ինչը ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի (-9.2 հազ. մարդ) բնական հավելաճին (4.1 հազ.մարդ) գերազանցող ցուցանիշի հաշվին:
Հուլիսի 31-ին ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել աշխարհի բոլոր երկրներում ժողովրդագրության կանխատեսումներով, որտեղ նկարագրված է Երկիր մոլորակի բնակչության փոփոխությունների դինամիկան մինչև 2100-ը: Ըստ փաստաթղթի, Հայաստանի բնակչությունը (2015-ին` 3 մլն 18 հազար) մինչև 2030-ը կնվազի մինչև 2 մլն 993 հազար, իսկ մինչև 2050-ը կկազմի 2 մլն 729 հազար` կորուստը կկազմի 9,6%: 2100-ին մեր երկրի բնակչությունը կկազմի 1 մլն 739 հազար մարդ` 50 տարում կրճատվելով գրեթե մեկ միլիոնով:





