AM
12 Հոկտեմբեր 2006 - 12:48 AMT

Շարլ Ազնավուր.«Ես հուսով էի, որ խորհրդարանականները կլսեն իրենց սրտի ձայնը»

Օրինագծի ընդունումը պատիվ է բերում Ֆրանսիային: Այդ մասին «Le Parisien» թերթին տված հարցազրույցում հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը: «Ես հուսով էի, որ խորհրդարանականները կլսեն իրենց սրտի ձայնը եւ կքվեարկեն օրինագծի ընդունման օգտին: Ես հպարտ եմ, որ Ֆրանսիայի քաղաքացի եմ, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եթե մի կողմի զոհերը կազմել են միլիոն ու կես մարդ, իսկ մյուս կողմից ընդհանրապես զոհեր չեն եղել, դա չի կարելի պատերազմ համարել: Դա կոչվում է ցեղասպանություն»,-ասել է նա: Իր հերթին, ֆրանսիական առաջատար թերթերից մեկը` «Le Monde»-ը գրում է, որ օրինագծին աջակցում են Ֆրանսիայի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդ, ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզին եւ Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Սեգոլեն Ռոյալը: Նա, մասնավորապես, հայտարարել է.«Եթե Թուրքիան ցանկանում է լինել Եվրոպայի մասը, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք չենք պատրաստվում ինչ-որ մեկին դաս տալ, մենք անում ենք այն, ինչ պետք է անենք»: