ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Իտալիայի ԱԳ նախարարության պետական քարտուղարի տեղակալ Ֆամիանո Կրուչանելիի գլխավորած պատվիրակությունը: Կողմերը գոհունակությամբ գնահատեցին երկու երկրների հարաբերությունների արդի մակարդակը եւ հույս հայտնեցին համագործակցությունն առավել խորացնել հատկապես տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Իտալիայի փոխարտգործնախարարը հայտնեց իր երկրի պատրաստակամությունը աջակցելու Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականություն ծրագրի շրջանակներում: Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստան – Թուրքիա հարաբերությունների ներկա փուլին` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համատեքստում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





