«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 13-ին կայացել է բացօթյա ֆիթնեսի առաջին դասընթացը: Դրա ընթացքում առավոտյան ժամը 09:00-ից քաղաքապետարանին կից մանկական այգում էին հավաքվել դասընթացի մասնակիցները, ովքեր նախօրոք գրանցվել էին՝ առցանցլրացնելով հայտը:
Սա բացօթյա ֆիթնեսի առաջին դասընթացն էր, որը մոտ 150 մասնակից ունեցավ՝ առանց տարիքային և ֆիզիկական սահմանափակումների:
Միջոցառման կազմակերպիչներն են «Կոկա-Կոլա» ընկերությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, «Գլոբալ շեյփերս Երևան»-ը և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալությունը: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Միջոցառումը վարում էին «Street Workout Հայաստան» ֆեդերացիայի համահիմնադիրներ Ղազար Հակոբյանը և Արթուր Հարությունյանը:

«Այսօր մենք ծանոթացրեցինք մարդկանց բացօթյա ֆիթնեսի հիմնական վարժություններին, որոնք կարելի է կատարել ինքնուրույն, նաև տնային պայմաններում՝ ծախսելով քիչ ժամանակ: Այս մարզումները կօգնեն փոխել ապրելակերպը և վարել ավելի առողջ կենսակերպ: Ի դեպ, հետաքրքրվողների թիվը գնալով ավելանում է, ուրախ եմ տեղեկացնել, որ բացօթյա ֆիթնեսի դասընթաց կկայանա նաև սեպտեմբերի 20-ին»,- տեղեկացրել է Ղազար Հակոբյանը:
Նա նաևուրախությամբ է ընդգծել այն փաստը, որ քաղաքացիների ներգրավվածությունը նման միջոցառումներում օր օրի ավելանում է:





