ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության սեպեմբերի 17-ի նիստում ներկայացրել է «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
Որոշումն ընդունվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Հիվանդությունների ցանկում մասնավորապես ընդգրկված են՝ արյան շրջանառության հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, լյարդի ցերոզ, սրտային անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություններ, ներզատական համակարգի հիվանդություններ՝ շաքարայի դիաբետ, նյարդային համակարգի հիվանդություններ, նորագոյացություններ։
Օրենքի 56-րդ հոդվածով սահմանված են այն պայմանները, որոնցից գոնե մեկի առկայության դեպքում մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ: Այդ պահանջը մասնակիցը կարող է ներկայացնել ինչպես նախքան կենսաթոշակային տարիքը (63 տարին) լրանալը, այնպես էլ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո` ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը (կուտակային կենսաթոշակների տեսակներն են՝ անուիտետները, ծրագրային վճարները, միանվագ վճարները):
Նույն հոդվածով սահմանված պայմաններից է ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալը (վիճակներում գտնվելը): Այս դեպքում մասնակիցն իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի իրավունքը ձեռք է բերում ՀՀ առողջապահության նախարարության տված եզրակացության հիման վրա:
Կուտակային բաղադրիչի մասնակցի դիմումը և համապատասխան հիմնավորող փաստաթղթերը ստանալուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը մարում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը և համապատասխան միջոցները միանվագ վճարում մասնակցին:
Սահմանված ժամկետում միանվագ վճարը չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0.01 տոկոսի չափով:





