AM
26 Հոկտեմբեր 2006 - 09:57 AMT

Բաքվի քաղաքականությունը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Ռազմաքաղաքական եւ անվտանգության հարցերով ուսումնասիրություններ կատարող «Ջեյնս» հետազոտական կենտրոնին տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, համոզմունք է հայտնել, որ «հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ փոխզիջումների միջոցով»: Սակայն, Սերժ Սարգսյանի կարծիքով, Ադրբեջանի քաղաքականությունը չի նպաստում նման լուծմանը: «Այսօր Ադրբեջանի պաշտոնյաները խոսում են պատերազմի վերսկսման մասին: Վերջին տարվա ընթացքում կրկնապատկել են իրենց ռազմական ծախսերը»,-նշել է նա: Նա փաստում է, որ չեզոք փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանը դեռեւս անկարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով. – «Եթե մարտերը վերսկսվեն, Հայաստանը կրկին առավելության կհասնի: Անկախ արդյունքից` պատերազմը հարված կլինի երկու կողմերի համար»: Խոսելով Ադրբեջանի նավթային եկամուտների մասին, որոնք Բաքուն ցանկանում է օգտագործել Ղարաբաղի հարցը լուծելու նպատակով` Սերժ Սարգսյանը հիշեցնում է, որ 90-֊ականների սկզբներին Ադրբեջանը նույնպես մեծ առավելություն է ունեցել թվաքանակով եւ Խորհրդային Միությունից ժառանգած սպառազինությամբ:
«1992֊-ին նրանք շրջապատեցին Ղարաբաղի հայերին, եւ քչերն էին հավատում, որ մենք կարող ենք հաջողության հասնել: Նավթային եկամուտների բոլոր կանխատեսումներով հանդերձ, ոչ հիմա, ոչ էլ նույնիսկ սրանից շատ տարիներ հետո նրանք չեն հասնի այն առավելությանը, որն ունեին 14֊-15 տարի առաջ: Ռազմական լուծման Ադրբեջանի տարբերակը ձախողվեց այն ժամանակ, կձախողվի կրկին: Հուսով եմ, վաղ թե ուշ Ադրբեջանի ղեկավարները կհրաժարվեն այդ մոտեցումից», -֊ ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: