AM
27 Հոկտեմբեր 2006 - 09:15 AMT

Լրացավ Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչական գործողության յոթ տարին

Հայաստանում այսօր հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: Ազգային Ժողովի պատգամավորները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել խորհրդարանի պուրակում դրված զոհերի հուշարձանին: «Թեեւ յոթ տարի է անցել ողբերգության պահից, ես համոզված եմ, որ ողբերգության զոհերին ճանաչող եւ նրանց հետ աշխատող մարդիկ, առավել եւս նրանք, ովքեր այդ ողբերգական օրն եղել են նիստերի դահլիճում ողջ կյանքում չեն կարողանա ձերբազատվել ցավից եւ ապրումներից»,-հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, կարեւոր է դասեր քաղել այս ողբերգությունից եւ ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրում նման բան այլեւս չկրկնվի: «Ամենակարեւորն այն է, որ այդ ահավոր օրը զոհված մարդիկ ապրել են հանուն գաղափարի, հանուն Հայաստանի ապագա զարգացման ծրագրերի եւ սկզբունքների եւ հարգանքի տուրքը նրանց հիշատակին կլինի այն ծրագրերի, գաղափարների եւ նպատակների իրագործումը, որ դավանում էին այդ սարսափելի օրվա զոհերը»,-հայտարարել է Տ.Թորոսյանը:

Հիշեցնենք, որ մի խումբ ահաբեկիչներ յոթ տարի առաջ ներխուժեցին Հայաստանի Ազգային Ժողովի շենք եւ գնդակահարեցին այնտեղ գտնվող հայկական կառավարության եւ խորհրդարանի ղեկավարներին: Ահաբեկիչների զոհ դարձան Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների դատը տեւեց 2001-ից մինչեւ 2003 թվականը: Մեղադրող կողմը պահանջեց բարձրագույն պատիժ, սակայն մահապատիժը Հայաստանում վերացվել էր 2003 թվականի սեպտեմբերին: Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վրամ Գալստյանը, ինչպես նաեւ Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Բոլոր յոթ հոգին մեղավոր ճանաչվեցին Հայաստանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով` դավաճանություն հայրենիքին, ահաբեկչություն, առանձնակի վտանգավոր պետական հանցագործությունների կատարում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: