AM
27 Հոկտեմբեր 2006 - 10:13 AMT

Շվեդիան ավելի շատ ժամանակ եւ ուշադրություն կհատկացնի Հայաստանի հետ հարաբերություններին

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հանս Գունար Ադենը (նստավայրը Ստոկհոլմ), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին, Հանրապետության նախագահը բարձր է գնահատել հայ-շվեդական քաղաքական երկխոսության ներկա մակարդակը: Իր հերթին Գ.Ադենը նշել է, որ այսուհետ իր երկիրն ավելի մեծ ժամանակ եւ ուշադրություն է հատկացնելու հարավկովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում նաեւ` Հայաստանի հետ հարաբերություններին: Երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար կողմերը լուրջ խթան են համարել նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վերջերս Շվեդիա կատարած պաշտոնական այցը, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ ներկայումս կոնկրետ ուղղություններով աշխատանք է ընթանում: Զրուցակիցների կարծիքով, փոխգործակցության ընդլայնման առումով նոր հնարավորություններ են ստեղծվում նաեւ եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում: Կարեւորելով հայ-շվեդական հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, Ռոբերտ Քոչարյանն առաջնային է համարել փոխգործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, միմյանց հնարավորություններին ծանոթանալու համար բիզնես ֆորումների անցկացումը: Հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: