AM
31 Հոկտեմբեր 2006 - 11:15 AMT

Անդրանիկ Մարգարյանը եւ Միխաիլ Ֆրադկովը դեկտեմբերի 1-ին կհանդիպեն Մոսկվայում

ՌԴ վարչապետ Միխաիլ Ֆրադկովը դեկտեմբերի 1-ին Մոսկվայում մտադիր է հանդիպել Հայաստանի կառավարության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի հետ: Այդ մասին նա հայտնել է անձամբ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Ֆրադկովը հիշեցրել է, որ ՌԴ-ում ավարտվում է Հայաստանի տարին: «Համոզված եմ, որ արդեն անցկացված միջոցառումները եւ նրանք, որ դեռ պետք է կայանան, կնպաստեն երկու երկրների տնտեսական համագործակցությանը»,-ընդգծել է ՌԴ վարչապետը Քոչարյանի հետ զրույցում: «Դեկտեմբերի սկզբին Հայաստանի վարչապետը կլինի Ռուսաստանում: Ռուսական կողմը ցանկանում է կազմակերպել աշխատանքն այնպես, որ Ռուսաստանում Հայաստանի տարվա ավարտն անցնի Սանքտ Պետերբուրգում»,-հաղորդել է Ֆրադկովը: Նա նաեւ հավելել է, որ փակման արարողությանը ռուսական կողմը կներկայացնի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Իր կողմից Հայաստանի նախագահը նշել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը: Ընդ որում, ըստ Քոչարյանի, կան մի շարք խնդիրներ, որոնք արգելակում են այդ աճը, մասնավորապես, բարդությունները տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտում: Ընդ որում նա նշել է, որ շինարարության եւ էներգետիկայի, վերամշակող արդյունաբերության ոլորտում բարենպաստ իրավիճակ է նկատվում համատեղ ներդրումային նախագծերի իրագործման հարցում: «Այստեղ մենք զգում ենք ներդրումային բաղադրիչի աճը»,-նկատել է Քոչարյանը, հաղորդում է «Ռոսբալտը»: