AM
17 Նոյեմբեր 2006 - 09:36 AMT

Հաջորդ անգամ «կովկասյան քառյակի» խորհրդարանների ղեկավարները կհանդիպեն Թբիլիսիում

2007 թվականի առաջին կիսամյակում Թբիլիսիում տեղի կունենա Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը, հաղորդել է ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: «Մենք ելնում ենք նման հանդիպումների անհրաժեշտության ըմբռնումից: Այսօր մենք քննարկել ենք նոր խորհրդարանական մեխանիզմների ստեղծման հնարավորություններն առկա խնդիրների լուծման համար: Հաջորդ նմանատիպ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա 2007 թվականի առաջին կիսամյակում` Թբիլիսիում»,-ասել է Միրոնովը լրագրողներին հինգշաբթի օրը, «կովկասյան քառյակի» խորհրդարանների ղեկավարների հանդիպման ավարտին:

Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ասել է, որ ուրախ կլինի տեսնել իր գործընկերներին Թբիլիսիում: «Ես երախտապարտ եմ Ս.Միրոնովին «կովկասյան քառյակի» շրջանակներում հանդիպելու հնարավորության համար: Գտնում եմ, որ հանդիպումն օգտակար էր, մենք խոսեցինք մեր պետություններին հուզող խնդիրների մասին: Ես ուրախ եմ, որ հանդիպումը շարունակական կլինի: Ուրախ կլինեմ ընդունել գործընկերնեիս Թբիլիսիում»,-ասել է Բուրջանաձեն: Նա ընդգծել է, որ առկա խնդիրների լուծման միակ միջոցն, իր կարծիքով, երկխոսությունն է: «Համոզված եմ, որ որքան էլ բարդ լինեն խնդիրները, դրանց լուծման միակ միջոցն երկխոսությունն է: Դրանից չի կարելի հրաժարվել»,-եզրակացրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: