AM
14 Նոյեմբեր 2015 - 09:49 AMT

Գյումրու կենդանաբանական այգին աղետալի վիճակում է. Դիմել են կառավարությանը

Գյումրու Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կենդանաբանական այգին հայտնվել է դժվարին վիճակում. գումարի բացակայության պատճառով գազանները սոված են մնում, մեծ խնդիր է դարձել նաև նրանց ջրով ապահովելը:

Կենդանիներից մի քանիսին՝ լուսաններին ու կապիկներին ժամանակավոր այլ քաղաքների կենդանաբանական այգի են տեղափոխել, մասնավորապես Արմավիր, իսկ Գյումրիում մնացել են միայն 3 առյուծ:

Սեփականատեր Ստյոպա Վարդանյանը, որը 30 տարի զբաղվում է այս ոլորտով, գազաններին հետ բերել է Ռուսաստանի Դաշնությունից՝ մտածելով, որ Գյումրին էլ ունենա կենդանաբանական այգի: 2010-ից գործունեություն ծավալելով Գյումրիում՝ այժմ մոլորվել է, չգիտի ինչպես անի, որ կենդանիները չսատկեն սովից: Նա ուղղակիորեն աղերսում էր Կառավարությանը տեր կանգնել կենդանիներին, գրում է Aravot.am-ը:

«Հիմա շատ վատ վիճակում են կենդանիները, դիմել ենք Կառավարությանը, բնապահպանության նախարարությանը, որ օգնեն մեզ, տեղափոխենք Երևանի գազանանոց: Դեմը ձմեռ է, հնարավոր է եւ չդիմանան: Երեւանի կենդանաբանական այգուց պարոն Խաչատրյանի հետ ես խոսեցել էի, խնդրել, որ իրենց մոտ տեղ տան, սակայն ինքն ասաց, որ հնարավորություն չունի այս կենդանիներին տեղավորելու. գումարային ծախսերի հետ է կապված տեղափոխումն ու կերային հարցերը, ես այս պահին չեմ կարող դրանք հոգալ: Խնդրում եմ մեր կառավարությանը միջամտել, կարող է այդ դեպքում վերցնեն մեր կենդանիներին»,- ասել է Վարդանյանը:

Ըստ նրա, եթե փոքր-ինչ պետական օգնություն լինի, իրենք կպահեն իրենց կենդանիներին, մասնագետներ, անասնաբույժ ունեն: Նրա ասելով, բոլոր մարզերի կենդանաբանական այգիներն էլ վատ վիճակում են: