Նոյեմբերի 15-ին Սբ Էջմիածնի մայր տաճարում, Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է հոգեհանգստյան արարողություն՝ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների, ինչպես նաև հայկական սահմանին օրեր առաջ զոհված զինծառայողներ Վահե Վանոյանի և Միքայել Թորոսյանի հոգիների խաղաղության համար:
Հոգեհանգստյան կարգից առաջ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, անդրադառնալով ողբերգական եղելություններին, մասնավորապես նշել է.
«Ահաբեկչությունը դատապարտելի է և որևէ կերպ չի կարող արդարացվել. այն քայլ չէ, որ ուղղված է որևիցե բնակավայրի կամ մի ժողովրդի դեմ, ահաբեկչությունը մի քայլ է, որն ուղղված է Աստծու դեմ: Վերջին 100-ամյակը նշանավորված է ինչպես քրիստոնեական եկեղեցիների տարբեր հարանվանությունների միջև, այնպես էլ աշխարհում ապրող տարբեր ժողովուրդների ու կրոնների միջև մերձեցմամբ: Եվ այդ հարաբերությունների ընթացքում հաճախ է ասվում, թե՛ բոլորիս Աստված մեկ է, թե՛ տարբեր կրոնների, ժողովուրդների Աստված մեկ է: Եթե դա այդպես է, ապա ահաբեկիչները տվյալ դեպքում սպանեցին իրենց Աստծու անունը, որովհետև նրանք քայլ կատարեցին իրենց Աստծու դեմ, ով ստեղծել է մարդկությանը` Իր զավակներին, տվյալ դեպքում կարևոր չէ ա՛յս, թե ա՛յն կրոնի ներկայացուցիչներին»:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը խոր ապրումով է զգում այն ցավը, որ Ֆրանսիայի ժողովուրդն այս օրերին ապրում է: Պետրոսյանը նշել է, որ հայերն այդ ցավը զգում են մասնավորապես երկու տարբեր պատճառով: Առաջինն այն երախտագիտությունն է, որ մեր ժողովուրդն արդեն 100 տարի է, ինչ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիների փրկության և վերջիններիս հյուրընկալության ձեռնարկումների համար տածում է Ֆրանսիայի ժողովրդի նկատմամբ: Երկրորդը` ամենօրյա ողբերգությունն է, որ հայ ժողովուրդը հաճախակի ապրում է:
«Երբ իբրև թե ապրում է խաղաղ պայմաններում, սակայն ամեն օր զգում է, թե ինչպես է ահաբեկչության գնդակը խլում մեր այս կամ այն զավակի կյանքը: Մենք աղոթելու ենք նաև վերջին ժամանակներում ահաբեկչության պատճառով սպանված բոլոր զոհերի համար, այդ թվում, մեր սահմանների վրա զոհված ամեն մի հայ զինվորի համար, նաև աշխարհում` Սիրիայում, Եգիպտոսում, Լիբանանում տեղի ունեցող ահաբեկչությունների և Սինա թերակզու վրա ահաբեկչության պատճառով ընկած ռուսական օդանավի զոհվածների համար», – ասել է նա:
Արարողությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:
Նոյեմբերի 14-ի վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ էին դնում՝ հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:
Կարդացեք նաև՝ Օլանդն ԻՊ-ին է մեղադրում ահաբեկչությունների համար, իսլամիստները սպառնում են նոր գրոհներով
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները ծաղիկներ են դնում [ֆոտոռեպորտաժ]





