AM
5 Դեկտեմբեր 2006 - 09:38 AMT

Ոչ ոք այնքան չի ձգտում հասնել Ղարաբաղի խնդրի լուծմանն, որքան Հայաստանը

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ելույթ ունեցավ Բրյուսելում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հաղորդում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը: Իր ելույթում նախարարը խոսեց ԵԱՀԿ բարեփոխումների մասին, ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը, այնուհետեւ անդրադարձավ Հայաստանի ժողովրդավարության խորացման, տնտեսական նվաճումների եւ պետության զարգացման առաջնայնություններին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին նախարարը նշեց. «քաջատեղյակ ենք, որ աշխարհը մեր տարածաշրջանին հետեւում է նաեւ այլ պատճառներից ելնելով: Ոչ ոք այդքան չի ցանկանում հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի հարատեւ լուծման, որքան մենք: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը մեզ հույս տվեց, որ դեռ հնարավոր է համաձայնության գալ նույնիսկ այն սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ դեռեւս ունենք տարակարծություն: Գիտենք, որ հարատեւ լուծումը կախված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարգավիճակից եւ անվտանգությունից: Հակամարտությունը սկսվեց, երբ բռնության էր ենթարկվել նրանց անվտանգությունը, եւ ոտնահարվել նրանց ինքնորոշման իրավունքը: Քննարկվող սկզբունքները ջանում են բավարարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, միեւնույն ժամանակ` վերացնելով հակամարտության հետեւանքները: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն, իսկապես, կամք կգտնի ճանաչելու եւ հարգելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր իսկ ապագան, կարգավիճակը, անվտանգության համակարգը որոշելու սեփական իրավունքը: Մի քանի օրից Լեռնային Ղարաբաղում տեղի կունենա սահմանդրության հանրաքվե: Վերջին 15 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում քաղաքական ինստիտուտներ են ստեղծվել, ընտրությունների միջոցով իշխանություն է ձեւավորվել, զարգացել է իրավական դաշտը: Նրանք գիտակցում են հիմնարար օրենքի անհրաժեշտությունը եւ ընդունում, որ հանրաքվեն այդ օրենքը հանընդհանուր ընդունելու միակ ընդունելի ճանապարհն է:

Միջազգային հանրության կողմից Ղարաբաղի բնակչության ժողովրդավարական ձգտումները արհամարելը, ինչպես նաեւ ժողովրդավար լինելու մեջ մեղադրելը ոչ կառուցողական են: Ադրբեջանի պնդումները, որ հանրաքվեի անցկացումը կխոչընդոտի բանակցային գործընթացին հեռու է իրականությունից: Սակայն իրական խոչընդոտը Ղարաբաղի ժողովրդավարական գործողություններին նրանց անհանդուրժողական արձագանքն է, Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու նրանց մերժումը, կրկնվող ռազմաշունչ կոչերն ու Մինսկի խմբի բանակցային գործընթացը շրջանցելու ջանքերը»: