AM
11 Դեկտեմբեր 2015 - 13:47 AMT

Պերմյակովի արտագնա դատավարությունը հրապարակային է լինելու

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն անցկացվելու է հրապարակային: Այս մասին հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Արտագնա նիստեր հրավիրելու գործնական հիմքեր մենք ունենք և այսօր էլ բազմաթիվ նիստեր արտագնա անցկացվում են զորամասերում: Անկախ նրանից՝ դա զորամասո՞ւմ է, թե՞ Կենտրոն վարչական շրջանի դատարանում՝ հրապարակայնությունը երաշխավորվելու է նույնկերպ ինչպես մեր ցանկացած դատական նիստերի դահլիճում», – ասել է դատախազը, գրում է Panorama.am-ը:

Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին ժամը 12-ին:

Դատական արտագնա նիստը տեղի կունենա 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Ամիսներ առաջ ռուսական կողմը հայկական կողմին փոխանցեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործը՝ բաղկացած 9 հատորից: