Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում դեռևս չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը, հայտնում է «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը:
«Մենք մշտական շփման մեջ ենք նախարարների հետ, որպեսզի բանակցություններ սկսենք համանախագահների հովանու ներքո: Մենք պատրաստ ենք հանդիպել նախարարների հետ ցանկացած ժամանակ»,-ասել է Ուորլիքը:
Ավելի վաղ, Ուորլիքն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման հարցում ԱՄՆ առավել ակտիվ ներգրավման անհրաժեշտության մասին կարծիքներին, ասել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և համանախագահող երկրները միասնական դիրքորոշում ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է:
Ընթերցեք նաև. Ուորլիք. Համանախագահող երկրները կողմերին կոչ են արել անհապաղ բանակցություններ սկսել





