AM
13 Հուլիս 2016 - 08:32 AMT

Զոհված զինծառայողների երեխաների ու օլիմպիադաները հաղթողների կրթությունը՝ պետբյուջեի հաշվին

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը:

Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2016-ի ընդունելության արդյունքները: Մասնավորապես, նա անդրադարձել է արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատման, պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղի (2 բժշկական և 4 մանկավարժական) մրցույթի անցկացման և հաստատման, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփման, ըստ բուհերի ընդունելության ցուցակի նախապատրաստման, պահուստային թափուր տեղերի վերաբաշխման, մրցութային տեղերի ամփոփման և հասատատման, ինչպես նաև քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ քննարկման հարցերին:

Անդրադառնալով պետական պատվերով թափուր և լրացուցիչ տեղերի բաշխմանը՝ Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է հիմնական առաջնահերթությունները: Մասնավորապես, անդրադառնալով արտոնություններից օգտվող դիմորդներին` Սուքիասյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները և ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները՝ ընդհանուր թվով՝ 27, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած 23 և մանկուց հաշմանդամություն և 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող 40 դիմորդ վճարովիի շեմը հաղթահարելու դեպքում կսովորի անվճար հիմունքներով:

Պետբյուջեի հաշվին կրթություն կստանան նաև Եվրոպայի և աշխարհի առաջնության 16, դպրոցականների միջազգային օլիմպիադաների 14 մրցանակակիր: Որոշվել է բուհերում առկա թափուր տեղերը վերաբաշխել հավասար միավորներ ունեցող դիմորդների միջև՝ ապահովելով նրանց կրթության իրավունքը պետական պատվերի շրջանակում: Ազգային փոքրամասնությունների հայտի հիման վրա ևս մեկ պետպատվերի տեղ հատկացվել է եզդիական համայնքին:

Անդրադարձ կատարելով ընդունելության ցուցակների հրապարակմանը՝ ընդունող հանձնաժողովը արձանագրել է, որ դրանք կհրապարակվեն հուլիսի 15-ին:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել է նաև ընդունելության գործընթացին առնչվող մի շարք այլ հարցեր:

Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ, ևս 9 զինծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում: