AM
15 Հոկտեմբեր 2016 - 08:42 AMT

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից 11 տուժած դուրս է գրվել հիվանդանոցից

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիները, ովքեր հատուկ չվերթով տեղափոխվել են Երևան և հոկտեմբերի 14-ին հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, արդեն դուրս են գրվել։

Հոկտեմբերի 14-ին Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարից տուժած, հատուկ չվերթով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում դիմավորողների թվում նաև շտապբուժոգնության բրիգադներն էին, ովքեր մարմնական տարբեր վնասվածքներ ունեցողներին հորդորում էին հիվանդանոցում ևս մեկ անգամ հետազոտություն անցնել։

Ինչպես տեղեկացվել է, նրանցից 11­ը հոսպիտացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ընդունվելուց մի քանի ժամ անց, մասնագիտական անհրաժեշտ խորհրդատվություն և բուժօգնություն ստանալուց հետո, հիվանդանոցային բուժման կարիք չունեցողներն սկսել են դուրս գրվել։ Այս պահի դրությամբ բոլոր 11 հիվանդը դուրս է գրվել: Նրանց հետագա հսկողությունը կիրականացվի ամբուլատոր պայմաններում՝ ըստ բնակավայրերի, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Տուժածների տեղափոխումը և բուժօգնության կազմակերպումը ՀՀ առողջապահության նախարարության և նախարարի ուշադրության ներքո էր:

Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:

Աշխատանքները տեղում կազմակերպելու համար հոկտեմբերի 14-ին ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը:

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

Հյուսիսային Օսեթիայի առողջապահության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններից ստացված վերջին տվյալներով (հոկտեմբերի 14) Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Վլադիկովկասի 3 հիվանդանոցում է գտնվում 10 տուժած`Նորիկ Աղրամանյանը (1950թ.) ստացել է ուղեղի ցնցում, Ժասմին Հարությունյանը (1949թ.)` նստատեղի ազդոսկրի կոտրվածք, Սեյրան Պողոսյանը (1990թ.)` ծնկոսկրերի կոտրվածք, գտնվում են Վլադիկովկասի հանրապետական հիվանդանոցում։

Հրանտ Բաղդասարյանը (1949թ., վիճակը` ծանր) և Ալան Սատինյանը (1978թ., վիճակը` միջին ծանրության) բուժվում են Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։

Վլադիկովկասի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցում այժմ բուժվում է 5 երեխա։ Նրանցից ԴիանաԴավթյանի ( 2005թ.) վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստացել է ծնոտի վնասվածք։ Իսկ Պավել Պալուխինի (2001թ.) Ալեքսեյ Ռոսամախինի (2000թ.) Ալեքսանդր Գալատովի (2000թ.) և Անդրեյ Լազուկինի (2006թ.) վիճակը գնահատվում է ծանր։