AM
24 Հոկտեմբեր 2016 - 12:40 AMT

Քաղաքապետ. Բացօթյա սրճարանների սեփականատերերը իրավունք չունեն աղավաղել Երևանի արտաքին տեսքը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը և հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարվել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը:

«Անձրևային եղանակով պայմանավորված՝ բացօթյա սրճարանների սպասարկման գործունեությամբ զբաղվող որոշ տնտեսվարողներ փորձում են պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել իրենց տարածքները: Խստորեն հետևեք պայմանագրային պարտավորությունների կատարմանն ու կանխեք նման երևույթները. բացօթյա սրճարանների սեփականատերերը իրավունք չունեն աղավաղելու քաղաքի արտաքին տեսքը: Որևէ բացառություն չպետք է լինի այս հարցում»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետին զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով։

Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքապետը «Ջրային կառույցներ» ընկերությանը տարեշրջանի փակման և ձմեռային ռեժիմի անցման հետ կապված հանձնարարել է իրականացնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների, ջրավազանների ու ջրային այլ կառույցների տեխնիկական ստուգման և դրանց կոնսերվացման նախապատրաստական աշխատանքներ:

Աշնանային տեղումների սեզոնի հետ կապված էլ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և 12 վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ուսումնասիրել բազմաբնակարան շենքերի անձրևատար խողովակներն ու վերացնել թերությունները: