AM
14 Նոյեմբեր 2016 - 09:03 AMT

Մանկապատանեկան արվեստի 2-րդ ներառական փառատոնը՝ Երևանում և մարզերում

Նոյեմբերի 17-24-ը` «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը» Երևանում և ՀՀ մարզերում կանցկացնի Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ (ներառական) հանրապետական փառատոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» աջակցությամբ:

Փառատոնի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ադապտացումը, իսկ հայեցակարգային առանձնահատկությունն է` ընդհանուր ստեղծագործական ծրագրերի միջոցով հաշմանդամություն և ոչ հաշմանդամություն ունեցող երեխաների միավորումը:

Փառատոնը կանցկացվի 6 անվանակարգում՝ «Երաժշտարվեստ», «Կերպարվեստ», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Լուսանկարչական արվեստ», «Թատերարվեստ», «Գեղարվեստական խոսք», «Գրական ստեղծագործություն», «Պարարվեստ»: Փառատոնին կմասնակցեն 41 ուսումնական հաստատության ու կազմակերպության մոտ 500 երեխա:

Փառատոնային ծրագիրը ներառում է համերգներ, պարային, թատերական ներկայացումներ, ցուցահանդես, կլոր սեղան, որոնք կանցկացվեն մայրաքաղաքի երաժշտական դպրոցներում և համերգասրահներում, Վանաձոր, Գավառ, Գյումրի, Դիլիջան քաղաքների մշակութային հաստատություններում:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (հասցե` Իսահակյան 1): Փառատոնը կավարտվի նոյեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի դահլիճում անցկացվող համերգով (հասցե` Չայկովսկու 27):