Կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստի որոշմամբ 233.365.000 դրամ է հատկացրել ՊԵԿ-ին՝ Սիրիայից ազգությամբ հայ քաղաքացիների կողմից ներմուծված ավտոմեքենաների մաքսային վճարների և օրենքով սահմանված կարգով մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարները հոգալու համար:
Այս գումարից հարկային եկամուտների և պետական տուրքի գծով հաշվարկվել է 231.223.000 դրամ, մաքսավճարի գծով` 2.142.000 դրամ:
Նախագծի հիմնավորմամբ՝ որոշման նպատակն է աջակցություն ցուցաբերել պատերազմական իրադարձությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակվող բազմաթիվ սիրիահայերին:
2016-ի 10 ամսվա ընթացքում Հայաստան է տեղափոխվել 428 սիրիահայ (մոտ 100 ընտանիք)՝ «Սիրիահայերի խնդիրների համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության տվյալներով:
ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի 5 տարվա ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250 հազարից կրճատվել է մինչև 22-30 հազարի: Այս տարիներին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 20 հազար հայ, որոնցից 17 հազարը մնացել է այստեղ, իսկ 13 հազարը դարձել է ՀՀ քաղաքացի:





