Yandex ընկերության գործարկած Երևանի առցանց քարտեզների վրա այլևս չեն երևա մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ: Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին Yandex ընկերությունը գործարկել է Երևանի առցանց քարտեզը։ Ֆեյսբուքի մի քանի օգտատեր իրենց մտահոգությունն էին հայտնել այն մասին, որ գործարկված առցանց քարտեզի լուսանկարներում պատկերված են մարդկանց դեմքերը և ավտոմեքենաների պետհամարանիշերը, ինչը կարող է խախտել մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը:
ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, ուսումնասիրելով բարձրացրած հարցը, ինչպես նաև՝ նկատի ունենալով քարտեզների հետ կապված տարբեր կազմակերպությունների որդեգրած քաղաքականությունն ու այդ ոլորտում եղած լավագույն միջազգային փորձը, միաժամանակ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքով, դեկտեմբերի 21-ին դիմել է Yandex-ին։
Գործակալությունը գրությամբ նշել է, որ մարդկանց դեմքերը, ինչպես նաև ավտոմեքենաների պետհամարանիշերը լուսանկարներում չփակելը խնդրահարույց է Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համատեքստում:
Արդյունքում Երևան քաղաքի պանորամային լուսանկարներում պատկերված մարդկանց դեմքերն ու մեքենաների պետահամարանիշերը ընկերությունը փակել կամ ապանձնավորել է:
«Yandex. Քարտեզների» նկարահանող խումբը համայնապատկերային լուսանկարներ է անում և տեղադրում դրանք քարտեզի վրա, որտեղ յուրաքանչյուր օգտատեր կարող է տեսնել ցանկացած փողոց` հատկապես, մեծ կենտրոնական փողոցները: Պանորամաները հորիզոնական 360 աստիճանի ընդգրկում ունեն և ուղղահայաց 280 աստիճանի` արդյունքում ստացվում է Երևանի կոնկրետ կետի ամբողջական համայնապատկերը:
Կարդացեք նաև՝ Երևանն իր ամբողջ հմայքով. Հայաստանի մայրաքաղաքը շուտով կհայտնվի «Yandex.Պանորամայում»





