Եկեղեցիներում պատարագ կմատուցվի ի հիշատակ ապրիլյան պատերազմի հերոսների: Ապրիլի 2-ին` Գալստյան կիրակի, հավարտ Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյաց Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների համար:
Արարողությունը կկատարվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ, ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:
Պատարագը սկսվում է ժամը 11-ին:
2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։
Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:





