Առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողի ընտանիքը նոր բնակարանով կապահովվի: Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.33՝ 69.55 քմ մակերեսով բնակարաննանհատույց սեփականության իրավունքով կօտարվի 2016թ. ապրիլին, ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին (հայրը՝ Ֆահրադ Մկրտչյան, մայրը՝ Նարինե Կիրակոսյան)։
Համապատասխան որոշումը հավանություն է ստացել Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերոնշյալ շենքը հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը:
Որոշման նախագիծը հիմնավորվել է այն հանգամանքով, որ զոհված զինծառայողի ծնողները ներկայում բնակվում են 43.8 քմ մակերեսով բնակելի տանը, որտեղ նրանց հետ համատեղ ապրում է ևս 19 անձ: Զոհված Սասուն Մկրտչյանի ընտանիքի կեցության համար ավագանու սույն որոշմամբ կապահովվեն բնակարանային անհրաժեշտ պայմաններ, ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։
Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:





