ՌԴ Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում պահվող, 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես փոխանակում Պերմյակովի հետ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ կոչ անելով տեղափոխումը ոչ մի դեպքում չկապել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Պերմյակովին ՌԴ արտահանձնելու հետ, գրում է Aysor.am-ը:
«Յուրաքանչյուր դատապարտյալի տեղափոխումը դատապարտված երկրից քաղաքացիության երկիր, առանձին կատեգորիա է: «Տեղափոխում» կամ «փոխարինում» կատեգորիաներ գոյություն չունեն: Մենք չեք կարող երկու դատապարտյալի փոխանակում անել, հետո էլ ասել՝ գիտեք ինչ կա, մեկը բռնաբարության համար է դատված, մեկը՝ գողության, և իրենց փոխանակումն անհամարժեք է, հետևաբար «փոխանակում» տերմին գոյություն չունի: Կա դատապարտյալների փոխանցման ինստիտուտ», – նշել է Կոստանյանը:
Անդրադառնալով Ավետիսյանների իրավահաջորդների հայտարարություններին այն մասին, թե Պերմյակովը Մոսկվայում չի ստանա արժանի պատիժը՝ Կոստանյանը նշել է, որ քրեական դատավարության արդյունքում կողմերից մեկը միշտ դժգոհ է լինում:
«Մարդ պետք է դժգոհելու հիմքեր ունենա: Պետք է հիմնավորի, թե ինչ պատճառով է տվյալ վճիռը անարդար: Չգիտեմ, թե ինչ հիմքեր կան ենթադրելու, որ այնտեղ Պերմյակովն ազատ է արձակվելու: Երբ այդ հիմքերը կլինեն, այդ ժամանակ էլ ես այդ հիմքի մասին մեկնաբանություն կանեմ», – ասել է պատգամավորը:
2015-ի հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունեց իր կատարած հանցանքը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը 2016-ի օգոստոսի 23-ի նիստում մեղավոր է ճանաչել Պերմյակովին և որոշում է կայացրել նրան դատապարտել ցմահ ազատազրկման։





