ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին պետ Վ. Ա.-ն:
Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնի հաղորդմամբ, հիշյալ դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերի, Վ. Ա.-ն, «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ին հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու և նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու դիմաց նրա հարազատներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք:
Ըստ Ա. Մ.-ի հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցն իր հարազատներից նախապես պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, սակայն 2015թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում դատապարտյալի եղբորից և կնոջից մաս-մաս ստացել է պահանջած գումարի մի մասը` մոտ $3000:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





