«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործունեության ժամկետը, որը լրանում է 2018 թվականի հունվարի 1-ին, երկարաձգվում է մինչ 2021 թվականը: Կառավարությունը սեպտեմբերի 7-ի նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունված օրենքում 2014-ի դեկտեմբերին ընդունված օրենքի հիման վրա և դրա կիրարկումն ապահելու նպատակով:
Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սահմանամերձ 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում, հայտնում է Panorama.am-ը:
Իրականացվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝ հաշվարկային տարում գումարային մինչև 360 խմ ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում:
Ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խմ բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:
Փոխհատուցվում է նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսը, սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարները:
«Այս բոլոր արտոնությունները պահպանում ենք, որպեսզի հեշտացնենք մեր քաղաքացիների ապրելու հնարավորությունը սահմանամերձ համայնքներում»,- ասել է Դավիթ Լոքյանը:
Նա նաև նշել է, որ ծրագիրն ընդհանուր առմամբ գնահատվում է 1 միլիարդ դրամ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ սակագնային վերջին փոփոխություններից հետո, որոնք տեղի են ունեցել այս տարեսկզբին, սահմանամերձ համայնքների բնակիչների էլեկտրաէներգիայի և գազի սակագների 50 տոկոսի սուբսիդավորման բեռը դրվել է մատակարարող ընկերությունների վրա և պետական բյուջեից այդ հոդվածները հանվել են:





