«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հրաժարվել են հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Այդ մասին ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ցավալի է, բայց «Հանուն գիտության զարգացման» խմբի կողմից մեր հրավերը անտեսվեց: Կրկնակի անհասկանալի է, որ նրանք պահանջում էին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում, սակայն հանդիպման հրավերից հրաժարվեցին:
Չնայած այն հանգամանքին, որ այլ բուհերի ուսխորհուրդներից հրավիրվել էին երկու ներկայացուցիչներ, իսկ իրենց խմբից համաձայնեցինք ընդունել չորս ներկայացուցչի, նրանք միևնույն է երկար մտածելուց հետո, հրաժարվեցին», – գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Դասադուլի մասնակիցները, սակայն, պնդում են, որ հանդիպել ներկայացուցիչների հետ անիմաստ է և պետք է հանդիպել բոլոր դասադուլավորների հետ։ Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել ուսանողական կառույցների հետ թեմայի շուրջ հանդիպման վերաբերյալ։ Դասադուլավորները կրկին հատուկ շեշտել էին, որ ՊՆ-ում հանդիպել են ոչ թե նրանց, այլ ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ։
Նոյեմբերի 7-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության աջակից ուսանողները հայտարարել էին դասադուլ՝ բողոքելով «Զինապարտության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ, որով չեղարկվում է ակադեմիական տարկետում ստանալու հնարավորությունը։





