AM
30 Մարտ 2009 - 14:34 AMT

Վաշինգտոնում արդեն որոշում է ընդունվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ

Վաշինգտոնում արդեն որոշում է ընդունվել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցի վերաբերյալ: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտնել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիան եւ ԱՄՆ-ն ինտենսիվ բանակցություններ են վարում Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցի շուրջ: Ըստ իս, նման բանակցություններն ընթանում են ոչ բարձր մակարդակով եւ համապատասխանաբար այդ հարցերի շուրջ որոշումները իրենք` ԱՄՆ նախագահները չեն ընդունում»,- նկատել է հայ արեւելագետը:

Ռուբեն Սաֆրաստյանը հաստատել է իր` նախկինում արտահայտած կարծիքը, որ ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին հղված իր ուղերձում Բարակ Օբաման ձեռնպահ կմնա «ցեղասպանություն» բառը գործածելուց: «Այն, որ նախագահ Օբաման չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, առավել հավանական է: Այդ դեպքում Անկարան կոնկրետ քայլեր կձեռնարկի Երեւանի հարցում, բայց դա միանգամից չի անի: Օրինակ, կհամաձայնի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ, բայց միանգամից դեսպանություն չի բացի Հայաստանում: Նման քաղաքականությամբ Անկարան կփորձի ստանալ որքան հնարավոր է շատ տոկոսներ, եւ նման քաղաքականությունը կշարունակվի մինչեւ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Աբդուլլահ Գյուլի հոկտեմբերյան հանդիպումը Թուրքիայում»,- նկատել է Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Բարակ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը պակաս հավանական է: «Այդ դեպքում Թուրքիան կուժեղացնի իր ճնշումը Հայաստանի վրա, բայց այդ տարբերակը, այնուամենայնիվ, քիչ հավանական է»,- նշել է պրոֆեսորը: