AM
3 Հուլիս 2003 - 15:09 AMT

ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵՔՅԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԵՐԵՎԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎՐԱ

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեքյանի հարկային խնդիրներն իր երկրում ոչ մի կերպ չեն անդրադառնա Երեւանի օդանավակայանի հավատարմագրային կառավարման շուրջ պայմանագրով ամրագրված նրա ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վրա: Այդ մասին «Արմինֆո» գործակալություանն են հայտարարել Հայաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայությունում` մեկնաբանելով հարկերի չվճարման համար Արգենտինայի հարկային մարմինների կողմից Էռնեկյանին ներկայացված մեղադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը: Նշենք, որ 2001 թվականի հոկտեմբերին Հայաստանի կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն, Էռնեքյանի «Կորպորասիոն Ամերիքան» ֆիրման 30 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է ընդունել «Զվարթնոց» օդանավակայանը: Մինչդեռ, «Արմինֆո»-ի տվյալներով, Արգենտինայի կառավարության հետ Էռնեկյանի հարկային խնդիրների առկայությունը ընկալվել է ոչ միանշանակ: Որոշ դիտորդների կարծիքով, 5 մլն դոլարն (իբր հարկային մարմիններից թաքցրած) այնքան աննշան գումար է գործարարի հիմնական ընկերության` «Արգենտինայի օդանավակայանների» շրջանառության մեջ, որ դրա հնարավոր վճարումը դժվար թե անդրադառնա Հայաստանի կառավարության հանդեպ պարտավորությունների կատարմնան վրա: Մյուսները գտնում են, որ Հայաստանի կառավարությունը պետք է ավելի զգուշորեն մոտենա ներդնողների ընտրության հարցին, այլապես, Էռնեքյանի նման դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ երկրի գործարար հեղինակության վրա: