«Նոր Հայաստան» հասարակական կազմակերպությունը Հայաստանի ԱԳՆ մուտքի մոտ ցույց է կազմակերպել, որին մասնակցում էին միայն կազմակերպության ղեկավարը եւ նրա աշխատակիցը: Էլեոնորա Մանանդյանը եւ նրա աշխատակից Գայանե Եսայանը որոշել են իրենց բողոքի մասին հայտնել շատ համեստ կազմով` բացատրելով իրենց քայլը նրանով, որ չեն ցանկանում վտանգի ենթարկել իրենց կազմակերպության մյուս անդամներին:
Էլեոնորա Մանանդյանը եւ Գայանե Եսայանը փորձել են Հայաստանի ԱԳՆ նվիրել փուչիկներ, որոնց վրա գրված էր «Առանց նախապայմանների», «Ֆուտբոլային դիվանագիտություն», «Ճանապարհային քարտեզ», «Տնտեսական զարգացում», եւ ինչպես արտահայտվեցին ցուցարարները, «Հայաստանի ԱԳՆ համար անհայտ բառակապակցություններ»` «Ազգային անվտանգություն», «Ազգային շահ», «ԱԳՆ եւ արժանապատվություն»:
Ինչպես հայտնել է էլոենորա Մանանդյանը, նրանք նամակ են հղել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին եւ պահանջել են նրա հրաժարականը: Փուչիկներով ցույց անող կանանց ՀՀ ԱԳՆ ոչ մի կերպ չի արձագանքել:





