AM
26 Մայիս 2009 - 13:40 AMT

Հարկավոր է ձգտել, որպեսզի ԼՂՀ-ն բանակցային գործընթացի մեջ ներառվի որպես կողմ

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավաբանական հարցն արդեն լուծված է: Եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմը նահանջելու տեղ չունի»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, հայկական կողմը սխալվելու իրավունք չունի, քանի որ նոր հանրաքվեին կամ պլեբիսցիտին համաձայնելը նշանակում է հրաժարվել անցած ողջ ճանապարհից եւ նահանջել թուրքական եւ ադրբեջանական պահանջների առջեւ: «Հայկական կողմը պետք է հստակ դիրքորոշում ունենա այդ հարցում»,- հայտնել է Սարգսյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսի արդյունքներ կարելի է ակնկալել բանակցային գործընթացին որպես լիիրավ կողմ Ղարաբաղի մասնակցության դեպքում, Արամ Սարգսյանը հայտնել է, որ ինքը համաձայն է, որ Ղարաբաղը պետք է բանակցությունների մասնակիցը դառնա: «Մենք պետք է ձգտենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներառվի գործընթացի մեջ, իսկ ինչ վերաբերում է արդյունքներին, ապա դա արդեն երկրորդական հարց է»,- նշել է նա: