AM
28 Մայիս 2009 - 13:11 AMT

Մարտադաշտում տարած հաղթանակները վերականգնեցին մեր հավատը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է հայրենակիցներին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ եւ բոլորին ցանկացել անսահման հավատ հայոց պետականության վաղվա օրվա հանդեպ: Իր ուղերձում վարչապետը նշել է, որ Առաջին հանրապետությունը ծնունդ առավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության եւ նպատակասլացության անօրինակ դրսեւորումների շնորհիվ, որակներ, որոնք ի հայտ եկան նաեւ արցախյան ազատամարտի բովում:

«Մարտադաշտում տարած հաղթանակները վերականգնեցին մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, եւ մեր ժողովուրդը հաստատակամ է էլ ավելի ամրապնդելու իր անկախ պետականությունը, հաղթահարելու արդի մարտահրավերները, որպեսզի առավել բարեկեցիկ լինի մեր սերունդների ապագան»,- ասվում է ՀՀ վարչապետի ուղերձում:

Տիգրան Սարգսյանը բոլորին մաղթել է քաջառողջություն, խաղաղություն եւ աներեր հավատ հայ ժողովրդի, Հայոց պետականության վաղվա օրվա հանդեպ: