AM
29 Մայիս 2009 - 14:39 AMT

ԵԱՀԿ ՄԽ. Սանկտ-Պետերբուրգում ոչինչ չի ստորագրվելու

«Մենք չենք ակնկալում, որ որեւէ փաստաթղթեր կստորագրվեն, բայց մենք հավատում ենք առաջընթացին»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքով, ներկայիս այցը Բաքու նախապատրաստություն էր Պետերբուրգում հունիսի 4-ին ծրագրված Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման համար:

Ներկայիս Բաքու կատարած այցի ժամանակ համանախագահները, Բրայզայի խոսքով, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ փոխնախարար Արազ Ազիմովի հետ միասին քննարկեցին «հիմնարար սկզբունքների» մնացած որոշ էլեմենտների կոնցեպցիաներն ու մանրամասները, որոնք պետք է համաձայնեցվեն, հաղորդում է Trend News-ը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջընթաց են մատնանշում բանակցային գործընթացում, բայց որեւէ փաստաթղթերի ստորագրում չեն ակնկալում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպմանը: