«Կամ ստատուս-կվոյի մեխանիզմը կփոխվի, ինչը ցանկանում են բանակցությունների բոլոր մասնակիցները, կամ մենք բոլորս ստիպված կլինենք նոր այլընտրանք որոնել»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն` մեկնաբանելով Դիմիտրիս Խրիստոֆիասի ու Մեհմետ Ալի Թալաաթի արդեն 10 ամիս ընթացող բանակցությունները: Ընդ որում Դավուդօղլուն նշել է, որ այդ նոր մոտեցումները չեն կարող խնդիրնը լիովին լուծել: «Թուրքիան չի կարող այլեւս հաշտվել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հանդեպ անարդար էմբարգոյի հետ: Թուրքիան միշտ կառուցողական մոտեցում է ունեցել, սակայն մեզ համար երբեմն բարդ է հասկանալ, թե իրոք հույները խաղաղություն են ցանկանում թե ուզում են հարցը լուծել այնպես, որ դա բխի միայն իրենց շահերից»,-հայտարարել է Դավուդօղլուն:
Ա.Դավուդօղլուն մեկնաբանել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումը: Ըստ նրա, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, չի բացվի նաեւ հայ-թուրքական սահմանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հարաբերություններին ԵՄ-ի հետ, ապա Դավուդօղլուն հայտարարել է, որ հուսով է, որ իրադարձություններն արագ կզարգանան, քանի որ այդ ընթացքում երեք թուրքամետ երկրներ` Շվեդիան, Իսպանիան ու Բելգիան կնախագահեն ԵՄ-ում: «Մենք կարող ենք խոսել Եվրահանձնաժսղովի հետ, սակայն մենք չկանք ոչ խորհրդում, ոչ խորհրդարանում: Դա էլ խոչընդոտ է»,-հայտարարել է Ահմեդ Դավուդօղլուն:





