AM
8 Սեպտեմբեր 2009 - 16:26 AMT

Եվրոխորհրդարանում Ցեղասպանության ժխտման դեմ պայքարին նվիրված համաժողով կանցնի

Հոկտեմբերի 6-ին Բրյուսելում` Եվրոխորհրդարանի շենքում տեղի կունենա Ցեղասպանության ժխտման դեմ պայքարին նվիրված համաժողով, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD), ֆրանսիական IBUKA կազմակերպության եւ Հրեական հասարակական կենտրոնի կողմից:

Համաժողովին կքննարկվի մինչեւ 2010թ. ԵՄ բոլոր 27 անդամ երկրներում Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի ընդունման հարցը: «Հերքումն ու ժողովրդավարությունը Եվրոպայում» համաժողովը կանցնի Եվրոխորհրդարանում գերմանացի պահպանողականների ներկայացուցիչ Էլմեր Բրոկի հովանավորությամբ եւ կփորձի ԵՄ պաշտոնյաներին բացատրել, որ անցագործության հերքումը «արտահայտման ազատության այլասեռում է եւ սպառնալիք է ժողովրդավարական հասարակությունների հիմքերի համար»: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայից: