AM
17 Նոյեմբեր 2009 - 14:07 AMT

Ահմեդ Դավութօղլու. «Իսրայելը Մերձավոր Արեւելքը պահում է մշտական լարվածության մեջ»

Այցով Մադրիդում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատել է Իսրայելի ղեկավարությանը, որը, թուրք ԱԳ ղեկավարի խոսքերով, տարածաշրջանը պահում է մշտական լարվածության մեջ` վախեցնելով կամ ռազմական ուժ օգտագործելով: Ահմեդ Դավութօղլուն ընդգծել է, որ Թել Ավիվի այսօրվա քաղաքականությունը չի համընկնում տարածաշրջանում խաղաղություն ապահովելու Թուրքիայի երազանքների հետ:

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է նաեւ, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ավելացնելով, որ Թուրքիան Արեւելյան Երուսաղեմը համարում է պաղեստինյան տարածք: Անդրադառնալով Թուրքիայում հակասեմական տրամադրություններին վերաբերող հայտարարություններին, Ահմեդ Դավութօղլուն այդ մեղադրանքները համարել է անհիմն, հայտարարելով, որ Անկարայի քաղաքականությունը Իսրայելի նկատմամբ ուղղված չէ այդ երկրի հասարակության կամ ղեկավարության դեմ, այլ այն քաղաքականության դեմ է, որն իրականացնում են Իսրայելի քաղաքական գործիչները, գրում է թուրքական Todays Zaman թերթը: