AM
24 Նոյեմբեր 2009 - 11:58 AMT

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բացասաբար է վերաբերվում Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին

Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կտրականապես բացասաբար է վերաբերվում քաղաքական հակամարտությունների ռազմական լուծման մասին ցանկացած հայտարարություններին: «Այն, որ մենք պետք է քաղաքական բնույթի խնդիրների ուժային լուծումները բացառող պայմանագիր ունենանք, բացարձակ ճշմարտություն է: Իհարկե, ես բացասաբար եմ վերաբերվում պատերազմի սկսվելու մասին հայտարարություններին»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահի հայտարարությունները:

Նրա խոսքով, 1990-ականների քաղաքական գործիչներն իրենց փորձով զգացին հակամարտությունների ռազմական լուծման ողջ սարսափը: «Ես մեծ հույս ունեմ, որ վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի հետ համաձայնության հասնելու խթանի ուղղորդում, բայց ոչ ավելին»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան:

Ինչպես ընդգծեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, վերջերս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ակտիվացում է նկատվում: «Միայն մեկ տարվա արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների 6 հանդիպում է կայացել: Նման ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ կա խնդրի փոխընդունելի լուծման հասնելու` երկու երկրների ղեկավարության նպատակուղղվածությունը: Այդ գործընթացը շարունակվում է, եւ դա է ամենագլխավորը»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան: