Երեւանը վրացական նախագահներին փրկելու փորձ ունի: 1993թ.-ին օգնության խնդրանքով Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմեց Վրաստանի այդ ժամանակվա ղեկավար Զվիադ Գամսախուրդիան: Հայաստանի նախագահն իր գործընկերոջ համար ապաստարան ապահովեց` խորհրդային նախկին այլադավին ուղարկելով անվտանգ վայր: Այսօր այդ իրադարձությունների կրկնության վտանգ կա: Սակայն ստեղծված իրադրությունը ոչ միայն հիշեցնում է Գամսախուրդիայի արյունալի վարչակարգի հեղաշրջման շրջանը, այլեւ մեկ տարի անց կատարված դեպքերը: Հեղափոխության արդյունքում իշխանության գլուխ եկած Էդուարդ Շեւարդնաձեն իվիճակի չեղավ վերահսկել երկրում ստեղծված իրավիճակը, քանի որ զինված գրոհայինները գրավեցին Վրաստանի արեւմտյան հատվածը եւ շարժվեցին դեպի Թբիլիսի: Այդժամ Շեւարդնաձեն դիմեց Հայաստանի օգնությանը: Հայտնի է, որ Վրաստանի ղեկավարը պաշտոնական Երեւանից խնդրեց զորք մտցնել եւ իրեն պաշտպանել մայրաքաղաքի վրա հարձակվող զինված գրոհայիններից: Բնականաբար, խնդրանքը բավարարելու դեպքում, կարգուկանոնի հաստատումից հետո հայկական զորքերը Երեւան վերադարձի ճանապարհին որոշ ժամանակով կհաստատվեին Ջավախքում: Սա Շեւարդնաձեն չգիտակցել չէր կարող: Այնուամենայնիվ, նա խոնարհվեց Երեւանի առաջ: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսայնն այդ անգամ որոշեց բավարարվել միայն բարոյական աջակցություն ցուցաբերելով` խուսափելով Կովկասում նոր ներազգային հակամարտությունների առիթ տալուց:
Երեւանյան մամուլում ենթադրություններ են արվում, որ Ասլան Աբաշիձեի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ տեղի ունեցած բանակցություններում քննարկվել է Շեւարդնաձեի կառավարությանը Երեւանի կողմից ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Կան չճշտված տեղեկություններ այն մասին, որ Աբաշիձեն գաղտնի հանդիպել է նաեւ այս օրերին Երեւանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հետ, որին, իբրեւ թե, նմանատիպ խնդրանք է ուղղվել: Անհրաժեշտ է նշել, որ եթե նման տրամադրություններն իրոք առկա են Թբիլիսիում, ապա Ասլան Աբաշիձեն, որը համարվում է Էդուարդ Շեւարդնաձեի համակիրը, իսկապես կարող է նշանակալից դեր խաղալ: Այս փորձառու քաղաքական գործիչը վստահություն է վայելում թե Մոսկվայում, թե Երեւանում: Ենթադրվում է, որ Հայաստանի ղեկավարության համար նրա խոսքն առավել կշիռ կունենա, քան` որեւէ մեկ այլ վրացական քաղաքական գործչի: Այս հանգամանքն անշուշտ հաշվի է առել Շեւարդնաձեն, երբ որոշել է իր նոր համակրին պատվիրակել հարեւան երկրներ:
Բացի այդ, Շեւարդնաձեի խորհրդականներն, ամենայն հավանականությամբ, համոզված են եղել, որ Հայաստանը ցանկություն կունենա ազատվել ընդդիմության առաջնորդներին օգնելու վերաբերյալ անհիմն մեղադրանքներից: Երեւանում իրոք չեն համակրում վրացական ներկայիս ընդդիմության որոշ ղեկավարների, որոնք առաջնորդվում են` «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Երեւանն իրոք անհագստացած է Վրաստանում իրավիճակի ապակայունացման հեռանկարով: Սակայն, որտեղի՞ց կարող է բխել այն համոզմունքը, թե միայն Էդուարդ Շեւարդնաձեի անձով է պայմանավորված կայունության հույսը…Ինչո՞ւ պետք է Հայաստանը միջամտի հարեւան երկրի ներքաղաքական կյանքին.. Այս հարցի հստակ պատասխանը դեռեւս չկա:





