Երկուշաբթի Ազգային-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Իսկենդար Համիդովը, որին վերջերս բաց են թողել բանտից, հայտարարեց, որ իր տրամադրության տակ կան Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարանների ներկայացուցիչների միջեւ ընթացող սահմանի բացման վերաբերյալ բանակցությունները վկայող աուդիո եւ վիդեո նյութեր: Նախկին քաղբանտարկյալի տվյալներով, բանակցություններն ընթանում են «Արեւմուտքի երկրներից մեկում»: Այնտեղ, իբրեւ թե, Թուրքիան ներկայացնում է մեջլիսի պատգամավոր Յաշար Նուրի Օզթյուրքը, իսկ հայկական կողմը` Ազգային ժողովի փոխխոսնակներից մեկը: Համիդովը սպառնացել է հրապարակայնացնել իր տրամադրության տակ եղած նյութերը, եթե թուրքական իշխանությունները որոշեն հերքել հայերի հետ բանակացությունների փաստը:
Իր սենսացիոն բացահայտումները ներկայացնելիս` նախկին նախարարը հաշվի չի առել մեկ կարեւոր հանգամանք: Առավել հեշտ է ապացուցել, որ Ազգային ժողովի երկու փոխխոսնակներն էլ վերջին շաբաթը չեն լքել Երեւանը: Հայաստանը սահմանի բացման վերաբերյալ ոչ մի բանակցություն էլ չի վարում Թուրքիայի հետ: Հայաստանի հանդեպ շրջափակման վերացումը թեմա է ոչ թե Երեւանի եւ Անկարայի միջեւ ընթացող բանակցության համար, այլ` Անկարայի եւ Բրյուսելի: Հիշեցնենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Թուրքիային ԵՄ-ի կազմում ընգրկելու պայմաններից մեկն է: Եթե իսկապես Էրդագոնը մտադիր է բացել սահմանը, ապա դա ոչ թե հայերի եւ թուրքերի միջեւ ձեռքբերված փոխզիջման արդյունքն է, այլ` Եվրամիության ճնշման հետեւանքը: Իրավիճակը Երեւանի համար շահեկան է. ստեղծված իրադրությունում թուրքերի կողմից սխալ կլիներ Երեւանից փոխադարձ զիջումներ պահանջելը, քանի որ տվյալ դեպքում բանկացության կողմը Բրյուսելն է:
Սակայն այս նրբությունները չեն հետաքրքրում ոչ Համիդովին, ոչ էլ Ադրբեջանի ղեկավարությանը: Նրանց նպատակը մեկն է. Հայաստանի հանդեպ շրջափակման վերացման հեռանկարի վրա ուշադրություն հրավիրել եւ բացասական հանրային կարծիք ստեղծելով` Թուրքիայի առաջնորդների վրա ճնշում գործադրել իրենց մտադրությունից հրաժարվելու համար: Նպատակին հասնելու համար Ադրբեջանի իշխանությունները դիմել են շանտաժի եւ սադրանքների: Դեռեւս երկու շաբաթ առաջ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «եթե Թուրքիան բացի սահմանը, չի հաջողվի լուծել ղարաբաղյան հարցը»: Սակայն սրանով էլ չեն սահմանափակվում: Բաքվում արդեն կոչեր են արվում հիշել թուրք-ադրբեջանական հարաբերությունների խնդրահարույց էջերի մասին: (Պատմաբանների կարծիքով, անցյալ դարասկզբին թուրքերն իրենց դավաճանի պես են պահել` հայ-ադրբեջանական հակամարտության ամենաթեժ պահին իրենց եղբայրներին ճակատագրի քմահաճույքին թողնելով):
Մի խոսքով, Իլհամ Ալիեւի` Անկարա այցի նախօրեին մթնոլորտը բարեկամական չէ: «Երկու եղբայրական երկրների հարաբերությունների մեջ առկա հակասությունները դուրս են եկել ջրի երես»,- գրում է Բաքվում տպագրվող «Զերկալո» թերթը: Դրա մեկնաբանը կոչ է անում «Թուրքիայի հետ հարաբերությունները վերլուծելիս հանել վարդագույն ակնոցները»: Թերթը պնդում է, որ «պաշտոնական Բաքուն գիտակցաբար է գնում Էրդագոնի կառավարության հետ հարաբերությունների որոշակի սրման»: Ադրբեջանցի լրագրողի եզրակացությունը միանշանակ է. «Խնդրի կարգավորման դիվանագիտական միջոցներն արդյունքներ չտվեցին: Հայաստանի հետ սահմանի բացումն արդեն որոշված է, մնացել են ընդամնեը ձեւակերպումները: Կարիք չկա հրապուրվել եւ հույս ունենալ, թե հանուն Ադրբեջանի Թուրքիան կհրաժարվի Եվրամիության անդամակցությունից»:





