AM
22 Հոկտեմբեր 2004 - 00:00 AMT

ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ «ԲԱՔՈՒՆ» ՆՎԻՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ

Շռայլ նվիրատվության առիթ էր դարձել անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած Համառուսական ադրբեջանական կոնգրեսը: Բացման արարողությանը հրավիրված էր նաեւ Վլադիմիր Պուտինը: Սակայն ի տարբերություն նախագահի` քաղաքապետը հյուր էր եկել առատաձեռն: Կոնգրեսի ժամանակ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները բողոքել էին, որ իրենք Մոսկվայում տարածք չունեն: Քաղաքագլուխը, հյուրերին դիմելով ադրբեջաներեն («Սալամ, ազիզ ազերբայջան դոսթլարիմ»), հայտարարեց, որ համառուսական ադրբեջանական Կոնգրեսի գրասենյակին է նվիրում «Բաքու» կինոթատրոնի շենքը:

Տեղափոխման գործընթացը սկսվեց զարմանալի արագությամբ, որ հատուկ չէ քաղաքային իշխանությունների բյուրոկրատների գործելակերպին: Գործարքի ձեւակերպման հարցերը լուծվում են, չնայած այն հանգամանիքն, որ օրենքի տեսակետից այն խիստ կասկածելի է: «Սեփականության ձեւը կօրինականացվի ռուսական օրենսդրության համապատասխան»,- հայտարարել է Համառուսական ադրբեջանական կոնգրեսի նախագահի խորհրդական Էլդար Կուլիեւը: Սակայն Մոսկվայի քաղաքապետի ինքնիշխանությունից զայրացած խորհրդարանականների վերջին նախաձեռնությունն այնուամենայնիվ կասկածելի է դարձնում կինոթատրոնը ադրբեջանցիների սեփականությունը դառնալու հեռանկարը: Սա խոստովանում է նաեւ հենց պարոն Կուլիեւը` չբացառելով, որ պատգամավորներին կհաջողվի խանգարել գործընթացին: «Չէ որ նրանք օրենսդիրներ են»,- ասում է նա:

Հնարավոր է` պատգամավորներն այդքան չզայրանային, եթե խոսքը չգնար ադրբեջանական համայնքի մասին, որն այդքան շատ գլխացավանք է բերում Ռուսաստանին. թե թմրադեղերի վաճառք, թե ահաբեկիչների հետ կապ: Հայտնի է, որ հարյուրավոր ադրբեջանցիներ կռվել են Չեչնիայում: Գաղտնիք չէ նաեւ, որ երկու ամիս առաջ ինքնաթիռներ պայթեցրած մահապարտները պատրաստվել էին Ադրբեջանում: Սակայն տվյալ դեպքում առավել կարեւոր է ոչ թե բարոյական, այլ` իրավական կողմը: Ակնհայտ է ռուսական օրենսդրության խախտման փաստը: Հոկտեմբերի 26-ին պատգամավորները կքննարկեն Լուժկովի «նվերի» օրինականության հարցը: Պետդումայի սեփականության հարցերով հանձնախումբը կտա իր եզրակացությունը:

Ամենայն հավանականությամբ, Լուժկովի «նվերը» անակնկալ էր նաեւ այդ պահին դահլիճում գտնվող Վլադիմիր Պուտինի համար, ով զսպեց իրեն եւ միայն արտաբերեց. «Սկսում է ցաքուցրիվ անել»: Կարծես թե Կռուտովի նախաձեռնությունը համաձայնեցված է Կրեմլի հետ, որն ակնհայտորեն գոհ չէ Լուժկովի «ինքնուրույնությունից»:

Մնում է նշել, որ հայ համայնքը եւս Մոսկվայում տարածք չունի, իսկ Ռուսաստանի հայերի միության գրասենյակը տեղակայված է Հայաստանի դեսպանատան տարածքում: Սակայն չգիտես ինչու հայերին Լուժկովը շռայլ նվերներ չի անում: Չնայած առիթը վերջերս ստեղծված էր: Մեկ տարի առաջ Համաշխարհային հայերի կոնգրեսի հիմնադիր նիստին Յուրի Լուժկովը դատարկաձեռն ներկայացավ: