Ադրբեջանը չպահանջեց քվեարկության դնել իր առաջարկած նախագիծը` գիտակցելով, որ նման բովանդակությամբ այն չի ընդունվի: Իլհամ Ալիեւը չկատարեց լրագրողներին տրված խոսքը, չնայած խոստացել էր, որ բոլոր հանգամանքներում էլ պաշտոնական Բաքուն չի բավարարվի քննարկումներով, այլ` կպնդի ընդունել նախագիծը: Սթափորեն կշռելով շանսերը, Ադրբեջանը հաշտվեց տեքստում զգալի ուղղումներ անելու անխուսափելիության հետ: Նախագահողը հայտարարեց տեքստի վրա անհրաժեշտ փոփոխություններ անելու մասին եւ փակեց նիստը առանց տեղեկացնելու փաստաթուղթը քվեարկության դնելու ժամկետների մասին: Ադրբեջանի ներկայացուցիչը չառարկեց:
Ըստ էության, ստացվեց այն, ինչի մասին խոսում էր Վարդան Օսկանյանը: Քննարկման նախօրեին Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ պաշտոնական Երեւանը պատրաստ է մասնակցել բանաձեւի փոխզիջումային տարբերակի մշակմանը: Օսկանյանը նշեց, որ Հայաստանը դեմ չի լինի, եթե այդ փաստաթղթում տեղ գտնի ԵԱՀԿ շրջանակներում փորձագիտական խմբի ստեղծման նախաձեռնությունը: Կարեւոր է նշել, որ նման առաջարկ պարունակող բանաձեւը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դնել Մինսկի խմբի լիազորությունները, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Մեզ համար սա խիստ կարեւոր է, քանի որ Ադրբեջանը ձգտում է կարգավորման գործընթացում ներգրավել նոր միջնորդների, որպեսզի քանդի Մինսկի խմբի համանախագահների ջանքերով ստեղծված բանակցային հիմքը:
Գլխավոր Ասամբլեայի նիստի ժամանակ Հայաստանին հաջողվեց ամենակարեւորը. կասեցնել միակողմանի փաստաթղթի ընդունումը, որը հիմնված է կասկածելի աղբյուրների տրամադրած տեղեկատվության վրա: Երեւանի դիվանագիտական զգալի հաջողության մասին կարելի կլինի խոսել, եթե բանաձեւի վերջնական խմբագրումը գնահատականներ չպարունակի, այլ միայն ներառի իրադրությունը տեղում ստուգելու առաջարկ: Նման դիտորդական խմբի այցը տարածաշրջան կարող է նույնիսկ շահավետ լինել Հայաստանի համար, քանի որ ստուգումը թույլ կտա հաստատել Ադրբեջանի կողմից Հյուսիսային Ղարաբաղի օկուպացման եւ այդ տարածքներում ազգային մաքրում իրականացնելու փաստերը:
ՄԱԿ-ում եղանակ ստեղծող երկրները անուղղակիորեն հանդես են եկել Ադրբեջանի նախաձեռնության դեմ դեռեւս դրա քննարկման նախնական փուլում: Իսկ հենց նիստի ժամանակ ԱՄՆ եւ Ռուսաստանը հասկացնել տվեցին, որ Ադրբեջանն իր անհանգստությամբ պետք է կիսվի ոչ թե ՄԱԿ-ի, այլ` ԵԱՀԿ-ի հետ: Մեծ տերությունները հավանություն չտվեցին բանաձեւին իհարկե ոչ այն պատճառով, որ աջակցում են Հայաստանին: Պարզապես նրանք հետաքրքրված չեն ՄԱԿ-ին ներքաշել այնպիսի գործընթացի մեջ, որն առավել հեշտ է վերահսկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այնուհանդերձ, եթե դատենք բացարձակ թվերով, ապա լիավին ակնհայտ է, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի օգտին հանդես եկող երկրներն ավելի քիչ են:
Խոշոր պետություններից Ադրբեջանին աջակցում են միայն Թուրքիան եւ Պակիստանը: Ինչ վերաբերում է համաշխարհային տերություններին, ապա նրանք բացահայտորեն դեմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՄԱԿ-ին ներգրավելու վերաբերյալ Ադրբեջանի նախաձեռնությանը: Այս անգամ Բաքվի առաջարկին հավանություն չտվեցին ոչ միայն Մինսկի խմբի համանախագահները, այլեւ Անվտանգության խորհրդի մշտական այլ անդամներ, ԵԽ բոլոր երկրները, եւ նույնիսկ ԳՈՒԱՄ-ի եւ Իսլամական կոնֆերենցիայի մի քանի երկրներ: Բաքվի համար խիստ անսպասելի էր աջակցության չարաժանանալ Չինաստանի եւ Վրաստանի կողմից: Հայաստանի համար սա իհարկե դիվանագիտական զգալի հաջողություն է: Նախկինում Պեկինը եւ Թբիլիսին Ղարաբաղին առնչվող ցանկացած քվեարկության ժամանակ հանդես էին գալիս Ադրբեջանի դիրքերից` կարծելով, թե այդ կերպ պաշտպանում են տարածքային ամբողջականության սկզբունքը: Սակայն հայկական դիվանագիտությանը հաջողվեց վրացիներին եւ չինացիներին համոզել, որ Ղարաբաղի եւ Թայվանի եւ Աբխազիայի միջեւ զուգահեռներ տանելը տեղին չէ:
Գլխավոր Ասամբլեայի օրակարգում անվտանգության գոտու իրադրության մասին հարցի ներառման նպատակահարմարությանը վերաբերող քվեարկության արդյունքներից դատելով` կարելի է եզրահանգել, որ այսօր Ադրբեջանին աջակցում են ՄԱԿ-ի անդամ պետությունների մեկ չորրորդից ավելի քիչը: (192 պետություններից 42-ը): ՄԱԿ-ի անդամների մեծ մասը կամ դեմ է քվեարկել, կամ` ձեռնպահ, ինչը այս պարագայում հավասարազոր է: 49 երկիր չի մասնակցել քվեարկությանը, ինչը նույնպես վկայում է քննարկվող հարցի հանդեպ ունեցած անհամաձայնության մասին: Այսպիսով, ակնհայտ է, որ Ադրբեջանն այնքան էլ շատ շանսեր չունի ՄԱԿ-ում անցկացնել միակողմանի, հակահայկական բանաձեւ:





