Տասնմեկ միլիոնն այն գումարն էր, որ պակասում էր խիստ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի շինարարության ավարտի համար: Նախագծի ընդհանուր արժեքը 25 միլիոն է: Դրա կեսից ավելին արդեն հավաքված եւ ծախսված է: Սակայն եթե 13 միլիոնը «Հայաստան» հիմնադրամին հաջողվել էր հայթայթել մի քանի տարիների ընթացքում, ապա այժմ գրեթե նույնչափ գումար հավաքվեց ընդամենը մեկ ակցիայի շնորհիվ, որի հաջողությունը հիմնականում ապահովեցին ամերիկյան մեր հայրենակիցները: Համեմատության համար բերենք մի քանի օրինակ: 2002թ.-ին Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվեց 5 միլիոն դոլար, իսկ 2000-ին` 3.5 միլիոն: Ակնհայտ է գումարի ավելացման միտումը: Եվ սա այն դեպքում, երբ այս տարին հայերի համար այնքան էլ բարենպաստ չէր: Նրանց գրպանի վրա ազդեցին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Միայն Ջոն Քերրիի ընտրական ֆոնդին փոխանցվել էր մոտ 4 միլիոն դոլար: Քիչ գումար չէր պահանջվել աջակցելու հայամետ կոնգրեսակններին եւ սենատորներին: Այնուհանդերձ, Ամերիկայի հայ համայնքը կարողացավ ռեսուրսներ գտնել Ղարաբաղին օգնելու համար:
Նվիրատվության հիմնական մասը եկավ ԱՄՆ-ի արեւելյան մասից: Նյու Յորք, Մասաչուսեթս, Փենսիլվանիա, Նյու Ջերսի…Երկրորդ տեղում է հարավ-արեւմուտքը` Կալիֆորնիան: Եվրոպայում առավել ակտիվ էին ֆրանսիայի, Բրիտանիայի եւ Շվեդիայի հայերը: Մեծ նվիրատվություններ էին ստացվել Կանադայից, Արգենտինայից եւ Ավստրալիայից: Աչքի է զարնվում նաեւ այն փաստը, որ տարեց տարի ավելանում են Հայաստանի ձեռներեցների ներդրումները: Վանաձորում, ուր զանգվածային գործազրկություն է, մեկ օրվա ընթացքում հավաքվեց ավելի քան 4 միլիոն դոլար: իսկ Ղարաբաղում այս անգամ հավաքվեց ավելի քան 150 հազար դոլար: Գումարներ են նվիրաբերում նույնիսկ շինարարության մեջ ներգրավված բանվորները` գիտակցելով, որ այդ գումարների մի մասը վերադառնալու է իրենց գրպանները: Հատկանշական է, որ ճանապարհի շինարարությունը ոչ միայն ռազմավարական, այլեւ սոցիալական նշանակություն ունի: Նախագծի շնորհիվ բացվել է 2000 աշխատատեղ:
Եթե նախորդ տարիներին նվիրատվության առյուծի բաժինն ապահովում էին մի քանի մուլտիմիլիոնատերեր, ապա այժմ նրանց մասնկացության բաժինը քչացել է ի հաշիվ միջին եւ փոքր ներդրումների: 90-ականների սկզբին միլիարդեր Քըրք Քըրքորյանը երկու անգամ սպասեց մարաթոնի ավարտին եւ նվիրաբերեց նույնչափ գումար, որքան հաջողվել էր հավաքել ամբողջ աշխարհում: Այս անգամ խոշոր գումարներ նվիրաբերեցին ամերիկահայեր Լուիս-Սիմոն Մանուկյանը, Ջերարդ Գաֆեսճյանը եւ արգենտինահայ Էդուարդ Էռնեկյանը: Հայաստանում, Ամերիկայում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ նույնիսկ Աֆրիկայում եւ Ավստրալիայում բնակվող տասնյակ հազարավոր հայեր իրենց պարտավորությունը համարեցին մասնակցելու «Հայաստան» հիմնադրամի համազգային ակցիային` հերթական անգամ ապացուցելով, որ Հայրենիքն ու Սփյուռքը միասնական են:





