AM
5 Փետրվար 2005 - 00:00 AMT

ԲԵՆՈՆ ՍԵՎԱՆԸ ՍԱԴԱՄԻՑ ԿԱՇԱՌՔ ՉԻ ՎԵՐՑՐԵԼ

Բենոն Սեւանը ծնվել է 1937թ.-ին Նիկոսիայում ցեղասպանությունից փրկված հայի ընտանիքում: Կրթությունը ստացել է «Մելքոնյան» հայկական վարժարանում: Այնուհետեւ տեղափոխվել է Նյու-Յորք, ուր Կոլումբիայի համալսարանում ստացել է փայլուն կրթություն: 1965թ.-ից աշխատեում է ՄԱԿ-ում: Զբաղեցրել է ամենաբարձր պաշտոնները մինչեւ իսկ` Գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնակատար: Ղեկավարել է ՄԱԿ-ի առաքելություններն ամենաթեժ կետերում` Իրաքում, Աֆղանստանում, Իրանում, Պակիստանում, Արեւմտյան Ինդոնեզիայում… Նա հրաշքով փրկվեց Բաղդատում տեղի ունեցած ահաբեկչությունից, երբ ծայրահեղականները պայթեցրին ՄԱԿ-ի ներկայացուցչությունը: Բենոն Սեւանը Կիպրոսի քաղաքացի է: Պահպանել է նաեւ կապերը հայկական կազմակերպությունների հետ: Կապեր ունի անեւ Հայ Առաքելական եկեղեցու տարածքային կառույցների հետ: Ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ-ի արեւելյան ափի պատրիարքարանի կազմակերպած միջոցառումներին: Մինչ օրս Հայկական բարեգործական ընդհանուր միության Կենտրոնական մարմնի անդամ է: Երբ առաջացավ «Մելքոնյան» վարժարանի փակման հարցը, բարեգործական միության ղեկավարությունը դիմեց հենց Սեւանին` Կիպրոսի հայկական համայնքին հանգստացնելու խնդրով:

Ակնհայտ է, որ որոշակի ուժեր արհեստականորեն են լարել ՄԱԿ-ում կոռուպցիայի շուրջ սկանդալի կրքերը` նպատակ ունենալով վարկաբեկել Սեւանին: Նրան մեղադրում էին այն բանում, իբրեւ թե նա հանցագործ համաձայնության էր եկել Սադամ Հուսեյնի հետ եւ հսկայական կաշառքի դիմաց օգնում էր նրան վաճառել իրաքյան նավթը` միջազգային պատժամիջոցները շրջանցելով: Տարբեր աղբյուրներ կաշառքի տարբեր չափեր էին նշում` մեկից մինչեւ վեց միլիոն դոլար: Սակայն հատուկ հանձաժողովը, որը մանրակրկիտորեն ուսումնասիրել է բոլոր փաստաթղթերը, եզրակացության է եկել, որ Սեւանի գործունեության դեպքում խոսքը գնում է ոչ թե կոռուպցիայի, այլ ընդամենը` «ոչ բազմաթիվ խախտումների»: Այսպիսով, նրա գործունեության մեջ քրեորեն պատժելի ոչ մի արարք չի եղել: Արտակարգ իրավիճակներում հաճախ անհրաժեշտ է արտակարգ միջոցներ ձեռնարկել, որոնք ոչ միշտ կարող են համապատասխանել կանոնակարգին եւ կանոնադրությանը: Սա գիտակցում է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով լիովին բավարար համարեց իր նախկին օգնականի հանդեպ զուտ կարգապահական միջոցներ կիրառել:

Այսպիսով, հերքվել են այն մեղադրանքները, որոնք Բաքվում եւ Անկարայում փորձում էին օգտագործել Բենոն Սեւանին եւ համահայկական հասարակական կառույցներին վարկաբեկելու համար: Ադրբեջանական քարոզչության միջոցները պնդում էին, թե Սեւանն անօրինականորեն լոբբի էր անում Երեւանի շահերը, երբ 2002թ.-ին խոսք էր գնում «Նավթը արդյունաբերության փոխարեն» ծրագրի շրջանակներում Հայաստանին իրաքյան նավթի ստացման քվոտաներ տրամադրել: Իբրեւ թե Սեւանը փորձել է ուղի բացել, որով հնարավոր կլիներ միջազգային պատժամիջոցները շրջանցելով նավթ վաճառել Հայաստանի տարածքով, իսկ Սադամից ստացված կաշառքն, իբրեւ թե փոխանցվել է Հայկական Բարեգործական ընդհանուր միության հաշվին: Այլ կերպ, քան զառանցանք, հնարավոր չէ անվանել այդ պնդումները: Բնականաբար, ոչ ոք այդ լուրերը լուրջ չի ընդունել, եւ ՄԱԿ-ի հանձնաժողովն ամենեւին էլ չէր պատրաստվում հետաքննել Բաքվի ԶԼՄ-ների աբսուրդ տարբերակը: Սակայն, ենթադրվում է, որ հանձնաժողովի հաշվետվությունը կսանձի ադրբեջանական քարոզիչներին, ովքեր փորձում են վարկաբեկել միավորված բոլոր ազգերի առջեւ հսկայական վաստակ ունեցող անձին:

Արտյոմ Երկանյան