AM
18 Նոյեմբեր 2006 - 13:08 AMT

ԱՄՆ. Ընտրություններն ավարտվեցին, ոչինչ չփոխվեց

Հերթական անգամ օգտագործելով հայ համայնքի ձայները` ամերիկացի քաղաքական գործիչները ընտրություններից հետո նախընտրում են շարունակել նույնն ուղղությամբ, երբեմն հույսերով «սիրաշահելով» հայերին: Ցավոք, այդպսիսին է իրականությունը: Եւ այդ տեսանկյունից, անհասկանալի է որոշակի լավատեսությունը, որ տիրում է հայ համայնքում ԱՄՆ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում միջանկյալ ընտրությունների արդյունքում դեմոկրատների իշխանության գալու առումով: Ոչ մի երկիր, առավել եւս ԱՄՆ-ը չեն պատրաստվում ղեկավարվել մշուշոտ դարձած արդարության գաղափարներով: Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Տատլի խոսքերով, բոլոր նախագահները, այդ թվում Բուշը, խորհրդատվություններ են անցկացրել եւ կշարունակեն անցկացնել Կոնգրեսի հետ ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղղվածության վերաբերյալ: Հանրապետական առաջնորդների խոսքերով, «ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ուղղված է Օսմանյան կայսրության եւ ԽՍՀՄ փլուզման հետեւանքների վերացմանը»: Հենց դրանով էլ նրանք բացատրում են ներխուժումը Իրաք եւ Ավղանստան, ինչպես նաեւ Օսմանյան Թուրքիայի Հայոց ցեղասպանության չճանաչումը: ԱՄՆ համար միջազգային ասպարեզում վերջին անկումներից հետո, չափազանց կարեւոր է, որպեսզի Թուրքիան մտնի Եվրամիություն, եւ դրա համար նրանք պատրաստ են փակել աչքերը գրեթե ամեն ինչի վրա, ինչ կատարվում է Թուրքիայի եւ ԵՄ բանակցությունների ընթացքում: Պետք է ընդգծել, որ Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցերը գլխավորները չեն. առավել առաջնային է կիպրոսյան հարցը եւ Թուրքիայի ՔՕ փոփոխությունը, մասնավորապես, 301-րդ հոդվածի: Վերջինիս առումով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը բավականին երկիմաստ է արտահայտվել: «301-րդ հոդվածը չի հակասում խոսքի ազատությանը եւ չի խանգարի բանակցություններին ԵՄ հետ»: Դա բացահայտորեն ասված է ամերիկացիների խորհրդով, որոնք համառորեն ցանկանում են Եվրոպային ստիպել դաշնակցել Թուրքիայի հետ, ինչը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:

Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ Օսմանյան կայսրություն ասելով չգիտես ինչու հասկանում են արաբական երկրները, որոնք, ինչպես հայտնի է, գրավվել են հենց Թուրքիայի կողմից: «Թուրքիան բացառություն է, դա ԱՄՆ ռազմավարական գործընկերն է վերջին 60 տարվա ընթացքում եւ այն պատճառով, որ «չարի կայսրությունն» այլեւս գոյություն չունի, տարածաշրջանում գրեթե ոչինչ չի փոխվել»,- պնդում են հանրապետականները: Ինչ-որ չափով նրանք ճիշտ են. տարածաշրջանում դեռեւս բավականին նավթ կա, որպեսզի պատերազմ տարվի հանուն «ԱՄՆ կենսական շահերի», ինչը եւ արվում է փոփոխական հաջողությամբ: Ավելացնենք դրան ամենազոր հրեական լոբբին, որը գործում է ԱՄՆ քաղաքական եւ հասարակական կյանքի բոլոր մակարդակներում: Ուժերի այդպիսի բաշխման դեպքում ամերիկացի քաղաքական գործիչները պարզապես ժամանակ եւ ցանկություն չունեն հայկական հարցերով զբաղվելու, որոնք ԱՄՆ-ում գրեթե ոչ մեկին հասկանալի չեն եւ հետաքրքիր չեն. չէ որ Հայաստանը ոչ նավթ ունի, ոչ գազ:

Հենց այդ պատճառով էլ դեմոկրատների հաղթանակի հետ կապված լավատեսությունը չափազանցեցված է: Պետք է ընդգծել եւս մեկ հանգամանք. իրավիճակը, երբ մեկ քաղաքական կուսակցությունը վերահսկում է, ամենաքիչը, Կոնգրեսի մեկ պալատ, իսկ նախագահը հանդիսանում է այլ կուսակցության ներկայացուցիչ, սովորաբար ձեռնտու է ամերիկացիների համար: Փորձը ցույց է տալիս, որ հենց այդպիսի տարիներին են Կոնգրեսի կողմից ընդունվել եւ նախագահի կողմից ստորագրվել առավել արդյունավետ օրենսդրական ակտերը: